Վարդան Հակոբյանի պաշտոնական կայքը Գրող, բանասիրական գիտությունների դոկտոր:

Երկեր

Ուոլթ Ուիթման | Երգ իմ մասին

 

(հատվածներ)

Քսանութ երիտասարդ տղամարդիկ` գետափին, լողանում են,

Քսանութ երիտասարդ տղամարդիկ, եւ նրանք բոլորն այնպես բարեկամական են,

Քսանութ տարի` կանացի կյանքի, եւ նրանք բոլորն այնպես մենավոր են:

Հոյակերտ տուն ունի նա բլրակին ծովափի,

Սքանչելի, ճոխ հագնված, պատուհանի փեղկափակոցի ետեւում է նա թաքնվում.

Երիտասարդ տղամարդկանցից ո՞վ է նրա սրտովն ամենից ավելի:

Ախ, եւ նրանցից ամենանփույթը ամենագեղեցիկն է թվում նրա աչքին:

Ո՞Ւր, որտե՞ղ եք դուք, լորդուհի, ախր ես տեսնում եմ ձեզ,

Դուք խայտում-խաղում եք ջրի մեջ նրա հետ, թեեւ, անշարժ կանգնած եք լուսամուտի մոտ,

Եվ ահա նա այնտեղ անցավ ափով, քսանիններորդը, կաքավելով եւ ծիծաղելով,

Նրանք իրեն չեն տեսնում, բայց ինքը նրանց տեսնում է ու սիրում:

Երիտասարդ տղամարդկանց միրուքները փայլում են ջրից, ջուրը հոսում է նրանց երկար մազերից:

Առվակները վազում են նրանց մարմնի վրայով: 

Եվ նրանց մարմնի վրայով վազում է մի աներեւույթ ձեռք նույնպես

Եվ, դողեդող, քունքամազերից ու կողոսկրերից վազում է բոլորովին ցած:

Երիտասարդ տղամարդիկ լողում են մեջքի վրա, եւ նրանց որովայնները դիմում են արեւին, եւ ոչ մեկը չի հարցնում, ո՞վ է այդպես ամուր սեղմվում նրան,

Եվ ոչ մեկը չի իմանում ո՞վ է այդպես, շնչահեղձ խոնարհվել նրանց առաջ

Եվ ում վրա են ջուր ցողում նրանք:

 

Աղմկոտ երաժշտության միջով ես գնում եմ, թմբուկներով եւ շեփորներով,

Ոչ թե ես իմ քայլերթը միայն հաղթողների համար եմ կատարում, այլ նաեւ նրանց, ովքեր պարտվել են, ովքեր սպանվել:

Դու լսե՞լ ես, որ լավ է հաղթելը:

Ասում եմ քեզ, որ զոհվելը, դա նույնպես լավ է:

Ես խփում ու թմբկահարում եմ, փառաբանում եմ մահացածներին,

Օ՜, հնչեցեք իմ շեփորներ, ավելի զվարթ եւ ձայնեղ:

Փա՛ռք նրանց, ովքեր պարտվել են:

Փառք նրանց, որոնց մարտական նավերը խորտակվել են:

Եվ նրանց, ովքեր խորտակվել են իրենք,

Եվ բոլոր զորապետներին ովքեր տանուլ են տվել մարտը, եւ բոլոր հաղթված հերոսներին

Եվ անհամար անհայտ հերոսներին, ինչպես եւ` փառաբանվածներին, փառք:

 

Մոտիկից հպվիր ինձ, կրծքաբաց գիշեր,

Ամուր սեղմվիր ինձ, մագնիսական, ուժեղ գիշեր,

Գիշեր, դու հարավային քամիներ ունես,

Դու ունես հազվադեպ վիթխարի աստղեր:

Մեղմ, նիրհուն  գիշեր, խելառ, ամառային տկլոր գիշեր:

Ժպտա եւ դո՛ւ, հեշտասեր, պաղ շնչառությամբ երկիր:

Երկիր, քո ծառերն այնպես քնկոտ են եւ փխրուն, 

Երկիր, քո արեւն  մայր է մտել, երկիր քո լեռնային խոչուխութերը ամպերի մեջ են,

Երկիր, կապտավուն, ապակե անոթներում` լիալուսին:

Երկիր, քո ստվերները եւ ցոլքերը երփներանգ են դարձնում վազող գետը,

Երկիր, քո մողոշիկ թխպերը լուսավորվել են հանուն ինձ,

Դու  ցրել ես քեզ հեռվում, երկիր,  գույնիդ մեջ` ամբողջովին  խնձորերանգ, երկիր,

Առատաձեռն, դու ինձ սեր ես տվել, եւ ես պատասխանում եմ սիրով:

Օ՜, չասված տաք սիրով:

 

Ես հավատում եմ, որ խոտի տերեւը փոքր չէ ասուպից,

Եվ, որ վատը չեն նրանցից մրջյունը, եւ ավազահատիկը, եւ կորիզը արքայանարնջի,

Եվ, որ ծառափայտի դոդոշը գլուխգործոց է, որից բարձրը չկա,

Եվ, որ արժանի է  մոռը լինելու զարդը երկնային հյուրասիրության,

Եվ, որ մանրագույն հոդերն իմ մատերի ամոթով կթողնեն ցանկացած մեքենայի,

Եվ, որ կովը, ծամոն որոճալով գլխահակ, գերազանցում է ցանկացած արձանի,

Եվ, որ մուկը, դա հրաշք է, որը կարող է մենակ մարտնչել բյուրավոր անհավատարիմների դեմ:

 

Իսկ հիմա կասեմ, թե տղա ժամանակ ինչ եմ լսել Տեխասում...

Դա պատմություն է չորս հարյուր տասներկու ջահել տղաների սառնարյուն սպանության մասին,

Նահանջելով, նրանք քառախմբվել են, նրանց հանդերձանքը նրանց ծառայել է որպես պատվար:

Նրանց գնդապետը եղել է վիրավոր, նրանց մոտ փամփուշտ չի մնացել, 

Նրանք հանձնվել են արժանապատվորեն, ստացել են կնքված թուղթ, հանձնել են զենքերը եւ, ինչպես ռազմագերիներ, ուղարկվել են թիկունք:

Նրանք եղել են լավագույնները Տեխասյան ձիավորներից,

Առաջինը` ձիու վրա, հրաձգության մեջ, երգերում, թեթեւ խնջույքներում, սիրո մեջ:

Մոլեգին, հաղթանդամ, շռայլ, գեղեցիկ, հպարտ, սիրող, մորուսավոր, արեւից այրված, որսորդական ազատ զգեստներով,

Եվ նրանցից ոչ մեկը չէր բոլորել երեսունը:

 

Երկրորդ օրը, կիրակի, նրանց դուրս բերեցին դասակ առ դասակ եւ սկսեցին սպանել մեկը մյուսի հետեւից,  գարնանային մի գեղեցիկ առավոտ էր,

Աշխատանքը սկսվել է ժամը հինգին եւ արդեն ութին մոտ ավարտված էր:

Նրանց հրամայել են` ծնկի իջնել, ոչ մեկը չի ենթարկվել հրամանին:

Ոմանք խելագար եւ աննպատակ պոկվել են առաջ, 

Ոմանք  կանգնել են ձիգ ու քարացած,

Ոմանք անմիջապես  ընկել են քունքից կամ սրտից խփված, 

ողջերը եւ մահացածները` մի կույտում:

Չսպանված վիրավորները եղունգներով ճանկռոտում էին հողը, նոր բերվածները նայում էին նրանց,

Կիսամեռները փորձում էին սողալ,

Նրանց վերջ տվին խշտիկով կամ կոթով զենքի: 

Դեռահասը, դեռ չդարձած տասնյոթ տարեկան, այնպես է ձեռքերի մեջ առել սպանողներից մեկին, որ պահանջվեց եւս երկու մարդասպան, որպեսզի փրկեն նրան,

Տղան պատառոտեց նրանց շորերը եւ բոլոր երեքին իր արյամբ շաղախեց:

Ժամը տասնմեկին սկսվեց դիակների այրումը.

Այսպիսին է պատմությունը չորս հարյուր տասներկու ջահել մարդկանց սպանության մասին:

 

Ես թեթեւ եմ միշտ,  ճամփի վրա (եկեք բոլորդ եւ լսեք),

Իմ նշանակներն են` անջրանցիկ վերարկու, եւ բարի կոշիկ, եւ ձեռնափայտ` կտրված անտառից,

Ընկերներս չեն գա ինձ մոտ եւ չեն նստի բազկաթոռներին,

Ես բազկաթոռներ չունեմ, չկա ոչ փլիսոփայություն, ոչ եկեղեցի,

Ես ոչ մեկին չեմ տանում ճաշի, եւ գրադարան, եւ բորսա,

 

 

Բայց ձեզանից յուրաքանչյուրին, տղամարդկանց եւ կանանց, բարձրացնում եմ կատարը լեռների,

Ձախ ձեռքով ես գրկում եմ իրանը ձեր, 

Իսկ աջ ձեռքով ցույց եմ տալիս շրջակա հեռաստանները եւ ճանապարհը մեծ:

Ոչ ես, ոչ մեկ ուրիշը չի կարող անցնել այդ ճանապարհը ձեր փոխարեն:

Դուք պարտավոր եք ինքներդ այն անցնել:

Նա հեռու չէ, նա այստեղ է, ձեռքի տակ,

Կարող է, այն ժամանակից, ինչ դուք ծնվել եք, դուք արդեն եղել եք նրա վրա` ինքներդ այդ մասին չիմանալով,

Կարող է, նա փռված է ամենուրեք` հողի վրա, ջրի վրա:

Վերցնենք մեր ունեցած-չունեցածը, տղաս, դու` քոնը, ես` իմը,

եւ շտապ ճանապարհ ընկնենք:

Հրաշալի քաղաքներ եւ ազատ երկրներ մենք կնվաճենք ճանապարհին,

Եթե դու հոգնել ես, գցիր ինձ վրա քո շալակը, հենվիր ինձ,

Իսկ երբ վրա հասնի իմ հերթը, դու ինձ կվարձատրվես նույն այդ ծառայությամբ:

Քանի որ այն պահից, ինչ մենք ճանապարհ կընկնենք, հանգիստ չենք ունենա:

Այսօր լուսաբացից առաջ ես բարձրացա գագաթը լեռների եւ տեսա բյուրավոր աստղերով երկինքը,

Ես ասացի իմ հոգուն. «Երբ մենք տիրանանք տիեզերքի այդ մոլորակներին, եւ նրանց ամբողջ հաճույքներին, եւ նրանց ամբողջ իմացություններին, արդյո՞ք գոհ կլինի մեզանից»:

Եվ իմ հոգին ասաց. «Չէ, դա քիչ է մեզ համար, կանցնենք մոտով եւ... ավելի հեռու»:

 

Ես ասացի, որ հոգին ավելին չէ քան մարմինը,

Եվ ես ասացի, որ մարմինս ավելին չէ, քան հոգին,

Եվ ոչ ոք, անգամ Աստված, բարձր չէ, քան մեզանից յուրաքանչյուրն իր համար,

Եվ նա ով գնում է առանց սիրո, թեկուզ մի պահ, նա գնում է իր թաղմանը` փաթաթված սավանի մեջ սեփական,

Եվ ես կամ դու, առանց գրպանում  գրոշ ունենալու, կարող ենք գնել ամբողջ երկիրը,

Եվ աչքով տեսնել` ոլոռի պատիճը գերազանցում է դարերի իմաստությունը,

Եվ ամեն գործում, ամեն աշխատանքում պատանու համար բաց են ճանապարհները հերոսության, 

Եվ ամեն մի չնչին փոշեհատիկ կարող է դառնալ կենտրոնը տիեզերքի:

Եվ տղամարդուն, եւ կնոջը  ես ասում եմ` թող  ձեր հոգին անխռով լինի միլիոնավոր երկրավորների առաջ:

Եվ ես ասում եմ բոլոր մարդկանց` մի հարցաքննեք Աստծու մասին,

Մինչեւ անգամ ինձ, ում համար ամեն ինչ հետաքրքրում է, չի հետաքրքրում Աստված:

(Չասել ոչ մի բառով, թե ինչքան քիչ է ինձ անհանգստացնում միտքն Աստծո եւ մահվան մասին).

Յուրաքանչյուր իրի մեջ  ես տեսնում եմ Աստծուն, բայց բոլորովին չեմ հասկանում նրան:

Չեմ կարող ես հավատալ նույնպես, որ կա ինչ որ մեկն ինձանից հրաշալի:

Իմ ինչին է պետք երազել այն մասին, թե  Աստծուն պիտի ավելի պարզ տեսնել, քան այս օրը.

Օրվա մեջ չկա այնպիսի ժամ, ժամում այնպիսի վայրկյան չկա, որ ես չտեսնեմ Աստծուն,         

Տղամարդկանց եւ կանանց դեմքերի վրա ես Աստծուն եմ տեսնում, եւ իմ դեմքին` հայելու մեջ,

Ես փողոցում նամակներ եմ գտնում Աստծուց եւ յուրաքանչյուրում կա ստորագրությունը նրա,

Բայց թող նրանք մնան` ուր եղել են, քանի որ ես գիտեմ, ուր էլ գնամ-գնամ, ինձ պիտի դարեդար հասցնեն ճշտապահորեն հասցնես այդպիսիները:

 

Ես հասկացա, որ լինել նրանց հետ, ում սիրում ես` բավական է:

Շրջապատված լինելով գեղեցիկով, հետաքրքրասեր մարմնով, որը ծիծաղում է եւ շնչում, բավական է,

Անցնել մարդկանց միջով եւ շոշափել նրանցից ցանկացածին, եւ մի րոպե թեթեւ գրկել տղամարդկային կամ կանացի պարանոցը, էլ ինչ է ինձ պետք: 

Մեծ ուրախություն ես չեմ խնդրում, ես լողում եմ նրա մեջ` ինչպես ծովում...  

Ով էլ որ դու լինես, ես վախենում եմ, դու գնում ես ճամփով երազատեսության,

Եվ ամենը, ինչի մեջ դու ամուր համոզված ես, կգնա քո ոտնատակից եւ ձեռքիդ տակ կհալչի,

Անգամ հիմա, այս վայրկյանին, քո կերպարանքը, քո տունը, եւ հագուստը քո, եւ խոսքերը, եւ գործերը, եւ տագնապները, եւ խնդությունը քո, եւ խելագարությունը, այս ամենը թափվում է քեզանից,

Եվ քո մարմինը, եւ հոգին այսուհետեւ կանգնելու են իմ առջեւ,

Դու իմ առջեւ կանգնած ես աշխատանքից այն կողմ, տալ-առնելուց այն կողմ,

քո ֆերմայից այն կողմ, եւ կրպակից այն կողմ, նրանից այն կողմ, ինչ դու ուտում ես, 

ինչ դու խմում ես, ոնց դու  տանջվում ես ու ոնց մահանում:

Ով էլ որ դու լինես, ես ձեռքս դնում եմ քո ուսի վրա, որպեսզի դու դառնաս իմ երգը:

Եվ ես կամաց շշնջում եմ քո ականջին`

Շատ կանանց եւ տղամարդկանց եմ սիրել, բայց քեզ սիրում եմ ես բոլորից շատ:

 

Ես երկար որոնել եմ քեզանից հեռու, ես երկար եղել եմ համրի նման,

Ինձ համար վաղուց ժամանակն է քեզ մոտ շտապել,

Ինձ համար` միայն քո մասին հաստատել, միայն քեզ գովերգել:

Ես կլքեմ բոլորին, ես կգնամ եւ կստեղծեմ քեզ համար հիմներ,

Ոչ ոք չի հասկացել քեզ, մենակ ես եմ հասկանում,

Ոչ ոք քո հանդեպ արդար չի եղել, դու ինքդ էլ արդար չես եղել քո հանդեպ,

Բոլորը քո մեջ արատներ են գտել, մենակ ես չեմ քո մեջ արատներ տեսնում,

Բոլորը պահանջել են քեզանից հնազանդություն, մենակ ես չեմ այն պահանջում քեզանից:

Մենակ ես է, որ չեմ կանգնում քո գլխի վրա չեմ կարգում ոչ պարոնի, ոչ Աստծո. քեզանից վեր միայն նա է, ով թաքնվում է քո մեջ:

 

Գեղանկարիչները վխտացող մարդկանց խմբեր են վրձնել, եւ նրանց արանքում մեկին` մեջտեղում,

Եվ միայն մեկ գլուխ է եղել ոսկե պսակում,

Ես էլ վրձնում եմ միլիոնավոր գլուխներ, եւ բոլորը, մինչեւ վերջինէ` ոսկե պսակներում, 

Իմ ձեռքերից բխում են  շողեր,  դրանք տղամարդկային եւ կանացի  գլուխներից են դուրս գալիս:

Որքան երգեր կարող էի ես երգել քո վեհագույն ու փառավոր գործերի մասին,

Ինչ վեհ ես դու, եւ դու ինքդ չգիտես, քնով ես արել դու ինքդ քեզ,

Կարծես քո կոպերը ամբողջ կյանքում եղել են իջեցված,

Եվ ամբողջը, ինչ դու արել ես, ծաղրով շուռ են եկել քո դեմ

(Քո նվաճումները եւ աղոթքները, եւ իմացությունները, ինչ են դարձել նրանք):

Բայց այդ ծաղրանքը դու չես,

Այդտեղ, թաքստոցի ներքո, նրանց տակ, թաքնվել ես դու, իսկական:

 

Ես տեսնում եմ քեզ այնտեղ, որտեղ ոչ ոք չի տեսնի քեզ,

Թող լռությունը, եւ գիշերը, եւ սովորական աշխատօրերը, եւ գրասենյակը, եւ հանդուգն քո հայացքը քեզ թաքցնում են ուրիշներից եւ ինքդ քեզանից,

Նրանք ինձանից քեզ չեն թաքցնի:

Սափրված երեսներ, կեղտոտ մաշկ, վազող, խուսափողական հայացք, թող մոլորեցնեն ուրիշներին, բայց ինձ չեն մոլորեցնի,

Գռեհիկ հագուստ, անճոռնի պոզա, 

եւ հարբեցողություն, եւ ժլատություն, եւ վաղաժամ մահ, 

ես այդ ամենը թողնում եմ մի կողմ:

Ոչ ոք չունի այնպիսի ընծաներ, որպիսիք չես ունեցել եւ դու,

Ոչ այնպիսի գեղեցկություն, ոչ այնպիսի բարություն, որոնք ունես դու,

Ոչ այնպիսի հարբեցողություն, ոչ այնպիսի համբերություն, որոնք ունես դու,

Եվ ինչպիսի հաճույքներ սպասում են ուրիշներին, այդպիսիք էլ քեզ են սպասում:

 

Ոչ ոքի ոչինչ ես չեմ տա, եթե նույնքան էլ քեզ չտամ,

Ոչ ոքի, անգամ Աստծուն, ես իմ երգերով չեմ փառաբանի, քանի դեռ չեմ փառաբանել քեզ:

Ով էլ որ դու լինես, գնա հաստատակամ եւ պահանջիր:  

Դա շքեղությունն է Արեւելքի ու Արեւմուտքի - աննշան բան քո կողքին,

Այդ հարթավայրերը չափ չունեն, եւ այդ գետերը անափ են, անչափ 

եւ անափ ես նաեւ դու, ոնց որ իրենք,

Այդ մոլեգությունները, հողմերը, աղետները,   պատրանքները մահվան... Դու նա ես, ով տիրակալ է դրանց վրա:

Դու իրավամբ տիրակալ ես Բնության վրա, ցավի վրա, կրքի վրա, ամեն աղետի վրա, մահվան վրա:  

 

 

 

 

 

 

 

Նոբելյան մրցանակի դափնեկիր, հանրահռչակ Ուոլթ Ուիթմենի «Երգ իմ մասին» պոեմը Վարդան Հակոբյանի թարգմանությամբ /հատվածներ/