Վարդան Հակոբյանի պաշտոնական կայքը Գրող, բանասիրական գիտությունների դոկտոր:

Երկեր

Փակիր աչքերդ` չերևաս

Բանաստեղծությունների ընտրանին` «Փակիր աչքերդ` չերևաս» խորագրով, կազմել, խմբագրել ու առաջաբանը գրել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Ներկայացվող բանաստեղծությունները վերցված են այդ ժողովածուից:


ԼՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՍՔԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Հանկարծ զգացի, որ
բառիս մեջ կրակող
զինվոր կա, և երգս
դառնում է երկրապահ:

Հողը փրկեցինք
«բարեկամներից»`
ապահովելով լուսնի
խաղաղ ընթացքը
քարերի, ծառերի ու սարերի
բարձր գագաթներով:

Երևի զոհվածները
ապրողներին հիշում են
մեկ րոպե… խոսելով:


ՓԱԿԻՐ ԱՉՔԵՐԴ` ՉԵՐԵՎԱՍ

Ձուկը` ջրում, հավքը` երկնքում, գրիչը` թղթին,
սլանում են նույն ուղղությամբ: Փակիր աչքերդ`
աշխարհը չերևա: Հողը լափում է զավակներին:

Հաճախ այն, ինչ ուզում եմ բացել քո մեջ, դու
ինձ ընդառաջելով` ավելի խորն ես թաքցնում: Ես
դռան վրայից ետ եմ վերցնում իմ թակոցները:

Դու ինձ չես լքել` ինձ լքելով, դու լքել ես քո մեջ ապրող
աստվածուհուն: Վկա աչքերդ` ինձ մոռացող: Սովածների
փիլիսոփայություն` արդարությունը հաց է ավելի, քան հացը:

Աղեղնավոր բառեր: Աներկինք թևեր: Բոզալաց տվող քամի և
պատառոտված ներքնաշորերով արևալույս: Իմ կորած պոռնիկ:
Կնաքարշ որձերի ոհմակը հոտոտում է մթնահունց էգերին:

Շուրջս պտտվում է ինչ-որ մի ճախրուկ: Ես արդեն
ճեղանվում եմ ճանապարհի նման: Թունավոր
բույրերի հյուսակը խեղդում է` շուլալված
պարանոցիս: Փակիր աչքերդ` չերևաս:


ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԱՉՔԵՐ

Աղավնին պատուհանս տարավ թևին: Ֆլորենտինո Արիզան
ինքն իրեն ծրարներ էր հղում` մաքուր, չգրոտված թղթերով, որոնք
այնքան լավ է ընթեռնում Գաբրիել Մարկեսը: Բառերը
նույնպես հունցվում են կավից: Ինչպես և հարյուր տարվա մենությունը`
խոլերայի ժամանակ, թեև դա մի քիչ էլ այդպես չէ:

Իսկ իմ հիշողության մեջ դու ավելի դու ես, քան եթե կանգնես
աչքերիս առաջ: Գիշերվա կեսին ոտաբոբիկ վազում էի
ձեր տուն և ուզում էի ճանապարհի փշերը սուր,
շատ դաժան լինեին, բայց վարդերը խանգարեցին:
Ես ուզում էի բառեր, որոնցով չի խոսել
ոչ մի ճանապարհ:

Ճտերը հաշվում են աշնան
ատամները: Եվ պահն` առանց մեռնելու, չի կարող
ապրել: Երկինքը սպիտակ է դարձել, երևի
լեռան ձյունից, և գիշերն արթուն մնացած
ծառերը առավոտի պատրանքն են որոճում: Որպես մի
սելադոն` քամին խփում է մոշենու փշառատ շյուղերին`
հնչեցնելով փանդիռն ամայության: Մարդը սովոր է
բերման ենթարկել, մինչդեռ ինքը միայն ու ինքը
պիտի գնա ամեն ինչի մոտ: Վաղուց
սև վարդեր են աճում այնտեղ, ուր Չարենցի և Նավզիկեի
ոտնահետքերը փորձում են ծածկել օզանով: Իմ երգը
կացարան է մի կիսավեր, որտեղ չի ուզում այլևս ոտք դնել
(ասում են` ստվերները չեն մահանում) դուստրը «Երգ երգոցի»:

Յուրաքանչյուր բառ յուրովի խռովարար է, իսկ մութը
սև լույս է պարզապես: Անձրևը քարերի վրա
վարդեր է հյուսում արծաթե թելերով և ձեռագործում է
աղավնիներ ու աչքեր. «Ներիր, որ
ես չեմ կարողանում քեզ ներել»:


ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

Ես սիրում եմ իմ հայրենիքն անկեղծորեն` ինչպես բոլորը,
և անասելի խորշում եմ
հայրենասիրության մասին խոսքերից, ինչպես, իհարկե, ոչ բոլորը:

Զոհվածնե’ր, հրաժարվեք նրանց ծաղիկներից, ովքեր
պսակներ դնելու պահին հատուկ նկարահանվում են`
հուշարձանները դարձնելով ինչ-որ մի տարրն իրենց քարոզչության…

Ռամիկնե’ր, մերժեք ձեռքսեղմումները նրանց, ովքեր
միևնույն պահին ժողովրդի մեջ հատուկ նկարահանվում են`
նրան դարձնելով մասն իրենց քարոզչության…

Աստվա’ծ, մի ընդունիր մոմավառությունը նրանց, ովքեր
հաղորդության պահին խորանում վանքի
հատուկ նկարահանվում են` աղոթքը դարձնելով
ինչ-որ մի տարրն իրենց քարոզչության…

Հանրությու’ն, մի վստահիր նրանց, ովքեր
սարեր են խոստանում անվերջ` մոռանալով, թե քանի
սար է մնացել հայոց աշխարհում…

Տանել չեմ կարող հայրենասիրության մասին ճառերը,
իսկ երբ ճգնում են սերը բառավորել,
սկսում եմ արդեն չսիրել`
ոչ ինձ,
և ոչ էլ անգամ
հայրենիքը…


ԻՍԿ ԷՄԵՐՍՈՆԸ ՁՈՒ ԷՐ ԽԱՇՈՒՄ ՀՐԱԲՈՒԽՆԵՐԻ ՎՐԱ

Մութի ճյուղերին ծանրանում է լույսը, և ծաղկած
խնձորենիները քեզ առաջնորդում են դեպի
արևելքն անիմանալի:

Կռունկն ինքն է ընտրում չվելու գիշերն ու երկինքը:

Դու սպիտակ ձյուն ես, սև աղջիկ, Երուսաղեմի
դաշտերից բերված երկնային մանանան կրկնակի անուշ է
մերկ մարմնիդ վրա, և աստվածները քեզ ունկնդրում են
անգամ այն ժամանակ, երբ դու լուռ ես լինում
կամ գրեթե անխոս:

(Տե’ր, ինձ փրկիր սիրուց):

Քո ափից ջուր է խմում չգիտեմ ով, ես միայն
կորդացած հող եմ, որ ծաղիկների
գուրգուրանքներն է կիսում` գրկելով ոտքերդ, ընդունում մատներիդ
արանքով շիթ առ շիթ ծպտված կաթիլները:

Վիրավոր խոտեր,
արնահամ քամի:

Ոչ ոք չէր բացում դուռը: Եվ ես ջարդեցի այն:
Եվ երբ ներս մտա, բոլորը հարգանքով ոտքի ելան`
բարի գալուստ: Ապոլիները կանգնել անկյունում
և ուշի ուշով հետևում էր ինձ:

Աստղոտ իրիկուն` մեղսոտ ու գեղեցիկ` որպես կնոջ
ձեռք, որը ձգվել է դեպի անմեղավոր խնձորը:

Ես ինձ մատուցում եմ լույսին, ես շնչում եմ քեզ:
Եվ սիրո հրեշտակն այդ պահին իջնելով երկնքից,
ներս է մտնում վանք, թևը համբուրում է խաչը
խորանի, որը փայլում է սուրբ ու անօրինակ
անուշահոտությամբ: Իսկ եկեղեցու ներսում մոմի
բոցերը ոստոստում են պատերին, մի երեխա սպիտակ
աղավնիներ է թռցնում երկինք:

Հեռավոր, անհայտ, անորոշ ու դիք ճանապարհներին
ծաղիկը խտուտ է բերում, և առյուծի մեջ
արթնանում են գարնան բնազդներ: Ես հարբել եմ
սպիտակ մութով: Ես սպիտակ
մութով եմ հարբել: Ես հարբել եմ
մութով սպիտակ: Հիշո՞ւմ ես, երբ ուզում էի
համբուրել քեզ, երկնքով անցնում էին անթիվ կռունկներ:
Նույնիսկ մոռացել էինք, թե առաջին անգամ
երբ ենք ծնվել: Իսկ Ռալֆ Էմերսոնն իր համար հանգիստ
ու անվրդով ձու էր խաշում տաք
ածուխների վրա հրաբուխների: (Հիշում եմ երանական
օրն այն, երբ դեռ չկայի ես):

Ես դառն անապատների ավազահողմ ու փոթորիկներ եմ կտրել,
դժվար աղջիկ Երուսաղեմի, և սիրում եմ
ներս մտնել միայն փակ դռներով:

Դռներն իմ առաջ հանկարծ չբացես, թե չէ ետ կգնամ:


ՀԱՐՑՈՒՄ

Երբ հանկարծ քեզ թվում է, թե սիրում ես,
մի շտապիր ասել, որ սիրում ես,
որովհետև, ի՞նչ գիտես, գուցե չե՞ս սիրում:

Ձկները սնվում են ջրերում սուզված աստղերով: Եվ աշխարհը, որ
ավարտվում է ոտքերիս ծայրին` սրտիս մեջ դեռ
շարունակվում է: Եվ ես, անշուշտ, կսիրեի
նաև նրանց, որոնց ատում եմ:

Երբ իսկապես գալիս ես,
մի ասա, որ գալիս ես,
որովհետև, ի~նչ գիտես, գուցե գնո՞ւմ ես:

Ես իմ ոճը հաստատելու համար մեկ-մեկ խախտում եմ այն,
լավ իմանալով, որ խորհուրդը կատարելու
բազում ձևերից մեկն էլ այն չկատարելն է: Կյանքը
զոհասեղան է, ուր մենք ամեն օր
քիչ-քիչ ուտում ենք մեր սիրելիներին:

Երբ տխուր ես իսկապես,
մի ասա, որ տխուր ես,
որովհետև հատիկը ծիլ է դառնում «հանգչելով»:

Յուրաքանչյուր անդունդ անբավականության
զգացում ունի` ինչո՞ւ ավելի խորը չէ: Գիտենք, որ
մեռնողի հոգին բարձրանում է երկինք, իսկ
ով երկնքում է, նրա հոգին տեսնես ո՞ւր է գնում:

Առավոտն ընդառաջ է վազում մարգում բացվող խոտին,
երբ արև է, հարցում արա`
գուցե անձրև՞ է գալիս:


ՈՒՇԱՑԱԾ ԹՈՒՂԹ ՄԻ ԱՂՋԿԱ, ՈՎ ԻՆՁ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԻՇՈՒՄ

Անմեղությամբ նայիր ինձ` հեռվի~ց-հեռու, որ հանկարծ
մեղավոր չերևամ: Ինձ մոտ չեմ: Մենություն,
ուր բարձրանում է տատասկը վայրի, իսկ հույսը
ձգվում է ավելի, քան իմ ճամփան է:
Ինձ թվում է, թե արևը սերվել է լեռան
գագաթին բուսնող ծաղիկներից և իր մենությամբ
լցնում է երկնքի անափ անապատները:

Մինչև մի հավք չի կանգնում ինչ-որ թփի վրա
ադամամութին ու չի երգում, արևը
դուրս չի գալիս: Վաղը միշտ ուշ է լինում:
Ու չեմ զարմանում, թե ինչպես է գինու
բաժակը հանկարծ սկսում ջերմանալ`
քո տաք շուրթերին դեռևս չհասած:

Թեև մեր բոլոր դաշտերը հիմա
ռազմադաշտեր են, սակայն դա ամենևին էլ
չի նշանակում, թե այնտեղ
ծաղիկներ չեն բուսնում:

Ես մի օր կգամ: Իսկ երբ գրիչ եմ վերցնում,
ուրեմն արդեն ճանապարհ եմ ընկել և կարող եմ
այս աշխարհում հասնել ամենուրեք, բացի
այն տեղից, ուր դու փնտրում ես ինձ:

Քարտեզներին չեմ դիմում իմ ճանապարհին, ոչ էլ
նշաններին երթևեկության, բանաստեղծությունը
դրանք շպրտել է մի կողմ` վաղուց, շա~տ վաղուց:
Ես առաջնորդվում եմ հոգու սլաքներով:

Ես հրաժարվում եմ քեզ մոտ բերող բոլոր
ճանապարհներից, որ բաց են արդեն,
ես ուզում եմ հայտնագործել մի նոր ուղի,
որով առաջինը ես եմ գալու դեպի քեզ:

Իմն են աշխարհի բոլոր չբացված ճանապարհները:
Ի~նչ լավ է, որ այլևս
ինձ չես հիշում, այդպես
ավելի անմեղ ես:


ՆԵՐԻՐ, ՈՐ ԻՆՁ ՉԵՍ ՍԻՐՈՒՄ

Ես խրախուսում եմ լույսը, երբ
նրա մեջ միտք է հղանում
ծաղկի մեջ բացվելու:
Ներիր նվաստիս, որ ինձ
չես սիրում: Բայրոնի այգում
քայլելիս, ձախ ոտքս, ակամա,
սկսում է կաղալ:

Խժդժությունների անպարագիծ
վիհին քանի~ միլիոն արև է
կուլ գնացել տիեզերքում:
Արյունափրփուր ալիքները մոտենում են
ծովեզերքին, և ափով վազում են
մուգ կարմիր նժույգները:

Բառերը չվիրավորելու համար
եկեք խոսենք նշանացի:
Քամին ձմռան ծառերի մեջ
զրնգում է բոլորովին մերկ, քանզի
ձյան տակից միակ տերևը
փշուր-փշուր է լինում ձեռքերում:

Գիշերը ուշացած այցելու է`
հարսնախոսության համար: Առարկաները
դուրս են մնացել իրենց անուններից, որ
մենք ենք տվել, պիտի մոտեցնել
նրանց ճշմարիտ բառով, որը
խորքեր ունի անսահմանելի:

Աշխարհում ոչինչ արժանի չէ
իմ անվերապահ նվիրումին: Ես
քաջալերում եմ քաոսը`
սերն արժեքավորելու համար: Ափիս
ջերմությունը մի հավք է դարձել
ու հիմա ոստոստում է ուսիդ վրա:

Ես անընդհատ մեռնում եմ և տեսնում եմ, որ
առանց դրա չեմ կարող ապրել: Եվ տեսնելիս
չեմ պատկերացնում, պատկերացնելիս
տեսնում եմ սակայն: Եվ արհամարհում եմ
սիրո մոտավորը, և ահավոր է,
երբ ծաղիկը դառնում է խորհրդանիշ,
թեկուզ` սիրո…


ՊԱՐԱՆՈՅԱ

Հիշողություններս
նախապատրաստում են իմ
ապագան,
հոգալով և այն օրերի մասին,
որ անցնելու են առանց ինձ:

Սաղարթների միջով սողոսկած շողը
կտցահարում է
մութը: Եվ գեղեցկությունը
փորձում է փրկել
աշխարհը, առաջին հերթին` իրենից:

Իմ ներկայության շարունակությունն է
բացակայությունս: Ճանապարհը
հերքումն է ճանապարհի: Եվ ինձ
գլխարկ պետք չէ ամենևին, երբ
երկինք կա գլխավերևում:

(Քամու մեջ բնակվող տերևներ, որ
ճանապարհ եք ընկել
երազի կացարանը հասնելու համար,
մի՞թե ոչինչ չունեք ասելու ինձ):

Տխրել են Փարվանայի թիթեռները:
Ուղին քայլ առ քայլ
ոչնչացնում է ուղևորներին, և
արևի ու սիրո թույնը
կործանում է ամեն-ամեն ինչ:

Ո՞ւմ էր պետք խաղաղությունը, երբ
պատերազմ չկար: Աշխարհում ամենքը
միանման են սիրում, դրա
համար էլ ամենքն իրար սպանում են
միանման: Ձայն` խոնարհեք բոլոր
դրոշները` մոտենում է կինը:

Լույսը, որ արթնացել է
դեմքիս վրա, շատացնում է
ստվերները մտքերի շուրջ, որոնք
առավել վարակիչ են, քան
Էզրա Փաունդի հոգեկան
հիվանդությունը: Իսկ մարդ
ապրում է այնքան ժամանակ,
քանի դեռ չի մեռել ճանապարհը:


ԵԹԵ

Եթե քեզ ասեն, որ սիրում են, չհավատաս հանկարծ, սիրելիս,
որովհետև սիրելի ես դու ավելի, քան կարելի է սիրելի լինել,
որովհետև գեղեցիկ ես դու ավելի, քան կարելի է գեղեցիկ լինել,
որովհետև մանուշակ ես դու ավելի, քան կարող է մանուշակը լինել,
եթե քեզ ասեն, որ սիրում են, չհավատաս հանկարծ, սիրելիս:

Եթե քեզ համոզեն, որ դու միակն ես, երեխա հո չե՞ս, սիրելիս,
վերծանում ես զարկը սրտի և այն ժամանակ, երբ այն դեռ չի հնչել,
դու ցողվում ես լույսով և այն ժամանակ, երբ այն դեռ չի բացվել,
դու ճամփա ես գնում և այն ժամանակ, երբ դեռ ճանապարհ չկա,
եթե քեզ համոզեն, որ դու միակն ես, երեխա հո չե՞ս, սիրելիս:

Եթե աչքով էլ տեսնես վարդը, մի խաբվիր, վարդ չէ, սիրելիս,
երկինքը չվել է աշնան հավքերի հետ, կապույտը թռել է տաք եզերքներ,
քաշիր ձյունեղեն սավանները և կտեսնես, որ տեղում չէ և ոչ մի լեռ,
ոտից գլուխ քեզ չափիր, տես այդ դու՞ ես, թե՞ աղջիկն է հարևանի,
եթե աչքով էլ տեսնես վարդը, մի խաբվիր, վարդ չէ, սիրելիս:

Եթե քաղցրախոսեն, ուրեմն` դառնությունն է ժրում, սիրելիս,
ժամադրվեն` հիշիր, անհնար են դարձնում հանդիպումը, անշուշտ,
սիրո ամեն խոսք հյուսվում է նուրբ ցանցաթելից ուռկանի, սիրելիս,
քնքուշս, աչքերդ մի թող, որ մոլորվեն, որ սիրտ ունենաս միշտ,
եթե քաղցրախոսեն, ուրեմն` դառնությունն է ժրում, սիրելիս:

Եթե քեզ ասեն, որ սիրում են, չհավատաս հանկարծ, սիրելիս,
որովհետև սիրելի ես դու ավելի, քան կարելի է սիրելի լինել,
որովհետև գեղեցիկ ես դու ավելի, քան կարելի է գեղեցիկ լինել,
որովհետև մանուշակ ես դու ավելի, քան կարող է մանուշակը լինել,
եթե քեզ ասեն, որ չեն սիրում, միամիտ հո չե՞ս, սիրելիս:


ԱՆԵՂԱՆԱԿ ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Ճանապարհը ծնունդ է տալիս մեզ: Ծնվելուց հետո
մարդ դառնում է օտարական: Միակ տունը, որ ունեցել եմ`
եղել է մինչև ծնվելս:
Պսակակիր ցավ: Եվ երկինքը ստվերի նման քարշ է գալիս
մի աստղի հետևից: Անեղանակ տխրություն:
Չեմ սիրում անցած և ընթացիկ թվականները,
որտեղ ինձ սպանել են մի քանի անգամ,
ես նախընտրում եմ տարիները չեկած,
որտեղ միշտ ապրում եմ, և պոեզիան, որ փորձում է
ազատագրվել բառից:

Ոչ ոք չի հասնում ոչ ոքի, որովհետև
ոչ ոք չի ձգտում ոչ ոքի, ամեն մեկը
հասնում է ինքն իրեն և այստեղ էլ
հանդիպում են մարդիկ: Թեպետ շատ հաճախ
հակառակն է լինում` բոլորը հանդիպում են բոլորին,
սակայն ոչ մեկը չի հասնում ինքն իրեն:
Ես ուզում եմ ապրել, բայց դու ինձ սպանիր, խնդրում եմ:
Անձրևի տակ քայլում եմ` կարծես անձրև չի գալիս:
Եվ չեմ թրջվում:
Գույնը աչքախաբություն է:
Առավել ևս` խավարը:
Երկինքը թռչում է այնտեղով, որտեղով ոչ մի հավք
դեռ չի անցել:

Ժամապահ զինվորը քայլում է խրամատն ի վար,
ի վեր, իսկ լուսնի եղջյուրից թափվում են ճերմակ
վարդեր ու աղջիկներ: Ամուսնության
առաջին գիշերում տեսնես ի՞նչ էր տեսնում
հեռադիտակով, երբ անկողնում սպասող իր հարսնացուին
մոռացած` անընդհատ աստղերն էր դիտում
Գալիլեյը:

Բարդիներն առվի խշշոցները տարել են երկինք:
Վշտից դուրս գալու լավագույն պայմանը վշտի մեջ
ավելի խորը սուզվելն է: Անրջամետ գիշերներ:
Հույսը թեև արքա է, բայց նա չի ապրում արքունիքում,
նրա օրրանը խուղն է թշվառների:

Ուր որ գոյություն չունի ոչ մի ճանապարհ, այնտեղ
փնտրեք իմ ճանապարհը: Մյուս միակ տունը,
որ կունենամ, չգիտեմ երբ եմ ստանալու: Բնակարանահերթում ենք
բոլորս: Եվ եթե ես հաճախ եմ նայում ժամացույցին,
ապա միայն նրա համար,
որ իմանամ` ժամը քանի՞սը չէ:


ԱՉՔԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Գարունը ծաղիկներից հավաքեց քո աչքերը, և ես զգացի, որ
դժբախտությունը սիրում է այցելել միայն անտխուր
պահերին: Իսկ արևածագը Մեծ քարի վրա ամեն օր
նման է լինում արտակարգ ու
աննախադեպ
իրադարձության:

Ես պահի վկան եմ: Եվ
ականատեսը: Բոլորիդ հետ
մի երկիր եմ: Հոսում եմ ինչպես անապատի աղբյուր`
Մովսեսի գավազանի ծայրին: Ուզում եմ միշտ
այնտեղ լինել, ուր միայն երգը կարող է
տանել: Դաշտը չի հասցեագրում իր ծաղիկը
որևէ մեկին, պարզապես բուրում է:

Գիշերվա ծոցի մեջ`
մարմնավաճառ
մոմեր:
Հույժ հրատապ լռություն:

Իր մեղվին սպասող եղրևանու շուքի տակ նստել է գայլը:

Բանաստեղծությունը Ադամի ու Եվայի առաջին
հանդիպումներից սկսած իր մեջ տանում է
ապագայի մոդուլը և ինքն իրեն մոտենում է` Ադամին
ու Եվային սպանելով: Բայց իմ պսակը աստղի հետ
ավելի հմայիչ է դարձրել մութը, քանի որ
բառի և սպիտակ թղթի հանդիպումը
չի հանդուրժում ոչ մի ժամադրություն:

Մարդն ուր էլ լինի, չի կարող
հեռանալ ամբողջովին: Մինչդեռ
բանն ընդամենը փորձ է աշխարհը շտկելու, իսկ
գրել, նշանակում է`
ընդդիմանալ:

Չկա ոչինչ ավելի անօրինակելի, քան ինքը`
օրինակելին: Ավա~ղ, լեզուն և դրամը
հաղորդակցության մրցակիցներ են: Թեև փողոցով գնում եմ
ահա, բայց տեսնում եմ, որ փողոցով չեմ գնում: Տագնապ կա
իմ մեջ. «Մարդն ինքն իր վատթար տեսակն է»:
Վախենում եմ հանկարծ այնքան թույլ լինեմ, որ
անգամ չկարողանամ մեռնել:

Ինքն իր հանդեպ այնպես անտարբեր է, որ դիմացինին
այլևս չի նկատում: Ես հիմա ոչ թե ես չեմ, այլ նա եմ, որ
մի քիչ նման է ոչ ինձ: Իսկ արևածագը Մեծ քարի վրա միակ
նշանն է, որով կարող եմ վերադառնալ, սկսած այն ժամանակներից,
երբ գարունը աչքեր էր հավաքում ծաղիկներից,
և բառերը արտաբերվում էին միայն ձեռքով:


ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Ես ինձ «տանել» չեմ կարողանում, երբ Ստեփանակերտում չեմ:
Աշխարհում ոչ մի փողոց ինձ ոչ մի տեղ
չի կարող հասցնել, եթե նրա վրա չի գտնվում «Գրադի» հարվածներից
կողքը քերծած իմ տունը: Տողերս
սկսվում են ապագայից: Եվ վթարունակ է անցումը, երբ լուսնի վրա
ձեռնասայլակների համար երթևեկության
նշաններ չկան: Քաղաքն անապատ է, եթե այնտեղ
չեն բնակվում կռվից չեկած տղաները: Ու որքան էլ
փայլուն լինեն հետմահու մեդալները,
երեխաներն աղքատ են հաճախում դպրոց, հումանիտար
օգնությունն ինչ զգեստներ էլ բերի, միևնույն է,
խոխեքն էլի մերկ են, քանի որ անծածկելի
ինչ-որ թախիծ են ապրում, որովհետև
ամենամարդասիրականն այն կլիներ, որ թողնեին
իրենց հայրը վերադառնար: Երկիրը
պատկանում է աղքատներին, իսկ երկրի հարստությունները`
հոգու անդարդ աղքատներին, վերջիններս
խոսում են այնպես, ինչպես պետք է
ժողովրդին, և գործում են այնպես, ինչպես իրենց է պետք:
Անաշուն տխրություն է: Թռչուններն արցախյան երկնքում
սավառնող խաչեր են, երբ իջնում են քարի`
քարը դառնում է վանք, երբ ծառի են իջնում`
ծառը դառնում է եկեղեցի, երբ իջնում են ուսիս`
սրբանում եմ:
Իսկ Հաբի պապս, որ հին արցախցի է, ու մի քիչ նման է Հոբին,
մեկ-մեկ հեռուստացույցով դիտում է Կոնդոլիզա Ռայսի
մասին հաղորդումները, նրան նայում
ու ասում է` լավ հարս է, խոսք չունեմ, բայց ափսոս,
երևում է` դեռ կարգին տղամարդու ձեռք չի ընկել…


ԾԱՆՐԱՑՈՂ ԻՐԻԿՈՒՆ

Իմ ապրած ժամանակի մեջ կան վայրկյաններ, որ, փաստորեն,
ինձ շրջանցել են: Եվ երբ ես նայում եմ քեզ, չգիտեմ, թե
ուր եմ նայում: Ամեն ինչ երևում է վերջում, բացի վերջից:

Ծառ,
արի ինձ վառեմ, դու
մի քիչ տաքացիր:

Ընդդիմադիր գծերի հայր Խոան Միրոյի տիեզերական քմծիծաղը
կախվել է երկնքի քիվերից` որպես կրակի ստվեր: Եվ զանգն ինձ
հնչեցնում է: Մութը ձորերում խիտ է, սարի վրա`
լույսից մի թեթև վախեցած:

Մոմ,
ինձ վառեմ քո առաջ, դու
մի քիչ աղոթիր առ երկինք:

Երբ ես ընկնում եմ, ոչ ոք մեղավոր չէ դրանում,
առավել ևս` ես: Հայտնի
ճանապարհները մարդուց դուրս են մնում, որ նա
կարողանա հասնել: (Ինձ հավերժ
անհաս մնացին այն գագաթները, որոնց ես հասա):

Աղավնի,
դու սպասիր Մասիսի վրա, ես
ձիթենու ճյուղը կտցած թռչեմ քեզ մոտ:

Ծառերն ընթանում են ջրերից արագ: Լուսաստղն ինքն իրենից
ուշացավ: Ծաղիկներ վերցրու քեզ հետ, որ ուղին
ընթանա անսխալ: Իսկ ես ուզում եմ
անպայման գնալ մի տեղ, ուր չի կարելի գնալ:


ԽԵԼԱԳԱՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Խոտերը թեև վազում են առջևից,
սակայն առաջինը հասնում է քամին:
Գերեզմանոցի ճանապարհին
յուրաքանչյուր մարդ
փիլիսոփա է:
Եվ ամեն մի ծածկ ու տանիք, երկնքի
անուղղակի ծաղրն է: Իսկ ներկան
ժամանակի մի փոքրիկ տարածք է ընդամենը, ուր
մենք ստեղծում ենք հավերժական անցյալ:

Կանաչելը, կարծում եմ, ծառի վերաբերմունքն է
աշխարհի և իր
շրջապատի հանդեպ:
Որքան հեռվից ես նայում` լեռն այնքան փոքր է երևում,
որքան հեռվից ես նայում` սերը մեծանում է այնքան,
և աչքերդ թիթեռնիկներ են դառնում
դեմքիդ,
անգամ` ձեռքերի ու ճանապարհների վրա,
որ գուցե թե ընթանում են միշտ միասին:

Մեղք են նրանք, ովքեր
գովում են:
(Տառերը, ներիր ինձ, Մաշտոց, չկարողացան պատմել,
և ես նորից դիմեցի թվերին`
1915):
Աշխարհի բոլոր ճանապարհները թռչուններ են,
և ես գրում եմ միայն նրանցից պոկված փետուրներով:
Բախտը շարունակում է լուսնի լույսի տակ նոտագրել
խելագարների ժամանակը`
աշխարհը նորմալ մարդկանցից փրկելու համար,
որոնք պարզապես դարձել են անխոցելի չարիք:


ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՍԱՎԱՌՆՈՂ ՍՏՎԵՐՆԵՐԸ

Երկինք հասնելու ամենակարճ ուղին ծաղկի ցողունն է:
Ճանապարհն արևից մի ոտք առաջ է ընկել և
մարդը, որ ամեն օր հանդիպում էր հեռուների հետ
անիմանալի, սկսեց հիշողությունները
նշագրել չվող աչքերով, որոնք թռչում էին
բոլորովին տարբեր կողմերի վրա և երամ չէին դառնում:
Ոչ մի կռունկ, առանձին վերցրած, չգիտե, բայց
երամը գիտե ճանապարհը: Հրանտ Մաթևոսյան:

Ինձանից ուշացել եմ ընդամենը մի կյանք: Երբեք չեմ հասել իմ
ամբողջին, ես ես եմ մոտավորապես: Ձյունը գալու հետ
շփոթել է իր գնալու ժամանակը: Եվ թռչունները
չնայած նստել են ճյուղին, բայց
նրանց ստվերները շարունակում են
սավառնել և իջնելու միտք չունեն:
Մենակ չմնալու համար պիտի բացարձակապես
մենակ լինել: Պատը ձգվում է անուղղելի տխուր,
որովհետև ուզում է լինել ոչ թե այն, ինչ կա, այլ
ընդհակառակը:

Գորգն ո՞վ է փռել
քամիների վրա
աշնան: Ինչքան էլ կանչես ու ճչաս թեկուզ,
լքված օրերի ետևից ձայնը չի հասնում:
Ինչ-որ ծրարի վրա մոռացել են ֆաքսի համարը:
Խաղաղությունն Արցախում զոհյալների ոսկորներով
բարձրացած աշտարակ է, որի վեհությամբ
ինքնամոռաց խաղում են երեխաները, իսկ
տղաները` 14-ից 17 տարեկան,
աշտարակի ամենավերին հարկերում
շամպայն են բացում աղջիկների համար:
(Խնդության պահին մարդ չգիտե` ուրա՞խ է, թե տխուր):
Աքիլլեսն այդպես էլ չկարողացավ հասնել կրիային
ու անցնել, բայց մրջյունն
ահա կանգնել է եղեգնախոտի ծայրին և
պատրաստ սպասում է, որ մասնակցի արևի ծագմանը:


ԱՆՁՐԵՎՆ ԱՂՋԻԿ Է ՓԱԽՑՆՈՒՄ

Մանուշակ քաղելիս` լույսը մենախոսում է
մատներիս մեջ: Սիրո խոսքերից
մարդ դառնում է առավել խոցելի և բաց
ու, վերջիվերջո, մեռնում է:

Ամառը առիթ է տվել, որ արեգակը
լինի բարբարոս, և մի քիչ էլ, երևի,
դու ես նպաստել այդ ամենին: Աչքերդ
տխուր են, տեսնես ինչո՞ւ է աշուն:

Այնտեղ, ուր աղբյուր եմ, ծարավը
գեղեցիկ է անդիմադրելի: Իսկ օրիորդ
Ժենին, Պիեռն է ասում, այծ է դարձել,
որ ուտի հարևանի կաղամբները:

Անունդ` լեռան գագաթին: Երբ տիրում են
առանց դիմադրության, ուրեմն` երեխա չի
ծնվելու, առավել ևս` տղա: Քեզ նայելիս`
աչքերս դառնում են անապաստան թիթեռներ:

Լուսինը նոր էր դուրս գալիս, երբ դու
ասացիր, որ համաձայն ես իմ կինը դառնալ:
ժամանակի մեջ` պահերի արտահոսք,
և սրտից դուրս` անմաքուր է սերը:

Անձրևը աղջիկ է փախցնում: Իսկ հետաճը
մեզ տանում է ոչ թե այնտեղ, ուր գնում էինք,
այլև այնտեղ, ուր չէինք և որտեղից,
հազա’ր ավաղ, այլևս դուրս գալ չի լինում:


ՔԵՈՓՍ ԲՈՒՐԳԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Ես բացարձակապես չեմ սիրում գնալ ոչ մեկի հետքերով.
եթե բույնը ընդառաջ չգնա հավքին,
ապա հավքը որքան էլ
թևին տա,
բույն չի հասնելու ոչ մի անգամ:

Եթե դաշտը զրնգում է մի հին ու անմաշ երգով,
պարզ է` հավատը տանու է, և ծերացած աղբյուրի արծաթները
ակունքի գողթան ծաղիկների մեջ են մնացել` վաղնջական ժամանակներից:

Եթե հողմաձայն փետուրները չեն հոգնում թռիչքների մեջ,
հասկանալի է` ժայռուտները ճախրում են երկնքով,
և Մասիսները թեպետ միշտ սպիտակ են, բայց սև են:

Եթե մարդ չի հիվանդանում` ճշմարտությունը չասելուց,
կամ չի ստանում, առնվազն, արյան զեղում,
ուրեմն, առանց այլևայլության, անառողջ ենք բոլորս:

Եթե ամեն բառ բացելիս չի բուրում մաքրությամբ դժվարահասության,
գիշերաճամփան դառնում է ստվերների անվերծանելի
առեղծված` Քեոփս բուրգին չհասած,
որի ջրով լողացած ծաղիկները չեն թոշնում, իսկ ծերերը` ջահելանում են:

Եթե ուզում ես վերցնել Բաբելոնը,
Եփրատ գետի հունը փոխիր, նա էլ հո մազանոթ չէ սրտի,
որի պայթյունից կարող է Նոյյան հեղեղ առաջանալ:

Եթե քո առագաստները Արցախի լեռներն են` պարզված անհանգիստ հորիզոնին,
Թարթառի ափին հավաքիր Մոցարտին կանխած մեղեդիները`
երկնուղեշ ծառ դարձած սրնգի,
որը հովիվը խրել էր հողի մեջ` ջրահարսին գրկելու պահին…

Ես բացարձակապես հետքերով գնալ չեմ սիրում,
եթե նույնիսկ իմը լինեն այդ հետքերը,
որովհետև
չեմ ուզում կորցնել իմ հետքերը և ուզում եմ անպայման հասնել:


ՄԻՆԵՐՎԱ

Քո ձեռքի հիշողությունից ցավեցնող բողբոջել է իմ դռան բռնակը,
ուզում ես նկարներ դիտել, խնդրեմ, դիմիր երաժշտությանը չհնչած,
ուզում ես երաժշտություն լսել, դիմիր բառերին պարզ, չհորինված,
ուզում ես կարդալ բանաստեղծություն, համեցեք, դիմիր վրձնին արևի,
ուզում ես հասկանալ քեզ, չգիտեմ ում դիմել, եթե` ոչ ինձ:

Քո գալու բույրից օդը դողում է անընդհատ, տերևները խփոց են սրտի,
երբ նայում ես ինձ, թվում է` աչքերդ թևեր են, և դու թռչում ես,
երբ խոսում ես, բառերը դառնում են աղբյուր, և դու հոսում ես,
երբ ժպտում ես ինձ, ծաղիկը կրակ է դառնում, և դու բուրում ես,
իսկ գետը ձայնանկարչության դասեր է տալիս մանուկ հովերին:

Ծառը փորձում է մեկնել, վերհիշել ցամաքած առվի շշուկը վերջին,
թող ինձ ներեն այս քարերը, որ ես իրենց միշտ քարերի տեղ եմ դրել,
ինչ-որ ստվերներ անհասկանալի, անաչք մթան մեջ հետևում են ինձ,
թեպետ ամեն ինչ ասել, բաժանվել ենք, բայց մի բան դեռ չեմ ասել, չգիտեմ` ինչ,
իսկ վառած մոմդ լուսաերաժշտության դասեր է տալիս ծլող աստղերին:

Ուզում եմ խոսել, ոչ մի բառ ինձ չի բավարարում, առավել ևս` այս լռությունը,
փորձում եմ գնալ, ոչ մի ճամփա չեմ ընդունում, բայց գժվում եմ հեռվի համար,
ջանք եմ գործում` ներկայանալ, բայց` ու՞մ , որտե՞ղ, երբ բոլորի մեջ ոչ մի տեղ չկամ,
երազում եմ վերադառնալ, սակայն` ինչպե՞ս, երբ այնտեղ ես, որտեղ չկաս,
իսկ Քուչակը խելագարորեն խիզախ սիրերգության դասեր է տալիս դարերին:

Քո ձեռքի հիշողությունից ցավեցնող բողբոջել է իմ դռան բռնակը,
ուզում եմ նկարներ դիտել, դիմում եմ երաժշտությանը դեռ չհնչած,
ուզում եմ երաժշտություն լսել, դիմում եմ բառերին պարզ ու չհորինված,
ուզում եմ կարդալ բանաստեղծություն, դիմում եմ վրձնին արևի,
ինձ եմ ուզում հասկանալ, չգիտեմ ում դիմել, եթե ոչ քեզ:

 

>
>
«Փակիր աչքերդ` չերևաս»

«Ակտուալ Արվեստ» մշակութային միություն
Կազմեց և Խմբագրեց Արքմենիկ Նիկողոսյանը
ISBN 978-9939-816-16-9
Երևան 2011