Վարդան Հակոբյանի պաշտոնական կայքը Գրող, բանասիրական գիտությունների դոկտոր:

Երկեր

Արցախյան Բալլադ

 

(Դրամատիկական արձակ պոեմ՝  երկու արարով)

 ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐ

1. Պատմիչ                              10. Հակոբ

2. Անուշ                                  11. Տիգրան

3. Արշակ                                 12. Գեղամ

4. Պուղի                                 13. Արեգնուհի

 5. Սերոժ                                 14. Մարիամ

6. Ժորա                                  15. Մուշեղ

 7. Վարդան                             16. Քաջիկ

8. Սաթենիկ                            17. Կին

9. Հովե                                  18. Սոնա

 

 

ՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ

 

Վարագույրը բացվում է: Բեմում վայրենի աղմուկ է, իրարանցում է, վանդակաձողեր են, յոթանասուն տարիների խառնաշփոթությունն է ալիքվում: Ու ալիքների կենտրոնում, ասես հեղեղի մեջ, խորտակվող ամբիոնն է՝ ԽՍՀՄ գերբը վրան, խոսում է գիշատչական ձայնով, ժանիքները կրճտացնելով: «Ազերիների նախնիները նախկինում գրել են հայերեն: Հայերեն տառերը մերն են: Խաչքարը դա մեր խաչդաշն է: Գանձասարը մերն է: Էս ծառը մերն է, էս սարը մերն է: Դուք էլ եք մերը: Ազերի եք: Իսկ թե համարձակվում եք նորից հայ մնալ՝ դուրս Ղարաբաղից, գյավուրներ: Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն էր: Ապա՝ փոթորիկ: Կայծակ: Իրարամերժ ալիքներ.  «Չէ... չէ... չէ...»: «Չէ... չէ... չէ...»: «Ղարաբաղն՝ առանց հայերի»: «Չէ... չէ... չէ...»: «Երբեք»:

Լռություն: Տագնապալից հնչում են եկեղեցու զանգերը:

ԱՐՇԱԿ. - Ոտքի, ժողովուրդ հայոց:

ՀԱԿՈԲ. - Դարավոր թշնամին նորից մտել է խաղաղ շեներդ ու ավաններդ:

ՀՈՎԵ. - Ուզում է ոչնչացնել այն ամենը, ինչ սուրբ է ու հայկական, ինչ սուրբ է ու հայկական:

ԱՆՈՒՇ. - Օգնական լեր, Տեր Աստված:

Շարժվում է բեմը: Դադար: Սկսվում է ներկայացումը:

ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐ

 

ՊԱՏՄԻՉ. - Բարեւ: Չեմ հարցնում՝ ոնց եք: Հիմա չեն հարցնում: Ճանապարհս հասել է դաշտ ու կորել... Կարծում եք՝ ծաղիկների ու կանաչի՞ մեջ: Խավարի ու մոմերի մեջ: Ծաղիկներ չեն, մոմեր են համատարած:

ԱՐՇԱԿ. - Գիտենք, պատմիչ, ահա դաշտն ուր վերջանում է, ճանապարհը շարունակվում է այնտեղից:

ՊԱՏՄԻՉ. - Բայց ո՞նց անցնել դաշտը:

ՀՈՎԵ. - Բոլոր մոմերը վառվում են, բայց էլի խավարը կա: Յուրաքանչյուր մոմ դա բառ է: Վիրավոր են բառերը:

ՄՈՒՇԵՂ. - Չկա բառ, որ մեր արյունով ողողված չլինի:

ՊԱՏՄԻՉ. - Բա ես ոնց մոտենամ բառին: Ես ո՞ր բառին ձեռք տամ, որ վերքոտ չլինի ու սիրտ չցավացնեմ: Լռել էլ չեմ կարող:

ԱՐԵԳՆՈՒՀԻ. - Մութ է: Երբ մթան մեջ խոսում են, դա օգնություն է մոմերին: Փորձե՞լ եք:

ՊԱՏՄԻՉ. - Այո, միայն թե հարկավոր բառը, անվիրավոր բառը, անսպի բառը գտնեմ ու...

ԱՆՈՒՇ. - Բառերը փորձվում են մթան մեջ: Ճշմարիտ բառերը լույս են արձակում:

ՊԱՏՄԻՉ. - Հա, հավատում եմ Ձեզ, հավատում եմ, բայց... Ես չեմ ուզում հրաժեշտ բառը, անհրաժեշտ բառն եմ ուզում:

ԱՆՈՒՇ. - Բայց ամեն մոմի տակ մարդն է՝ վայրի խավարում, շարժվում է, տես...

ՊԱՏՄԻՉ. - Ես միշտ սեր եմ երգել, իսկ հիմա՞... Չկան այն բառերը, որոնցով ես կարողանամ խոսել արցախցու հետ:

ԱՐՇԱԿ. - Դժվար է: Անհնար է հիմա արցախցու հետ խոսելը: Այո: Մոմերը շարժվում են:

ՊՈՒՂԻ. -Մոմերի լույսից բացվում են շողեր ու վարդի պես բուրում երկնքում: Ու մոմավորները մոմի հետ այնքան չեն խոսում, որքան խոսում են երկնքից:

ԺՈՐԱ. - Խոսում են նրանք, որ արդեն երկնավոր են: Ահա նրանցից մեկը՝ Ավոն: Լսո՞ւմ ես, պատմիչ:

ՀՈՎԵ. - «Տղեք, եթե մենք կորցնենք Արցախը՝ մենք կշրջենք մեր ժողովրդի պատմության վերջին էջը»:

ՔԱՋԻԿ.- Այսպես: Ուրիշ ոչինչ: Դու տեսե՞լ ես, թե ինչպես են թախծում տխրության մեջ սուզված մարդիկ:  Սուզված: Ոչ խորտակված: Մենք միամիտ էինք, կարծում էինք տխրությունից հետո էլ չէինք տխրի, բայց պարզվում է, որ իրար շատ են նման տխրությունը, հողը, ցավը, պատմիչ, բազմաշերտ են... Բազմախավար: Ու՝ բազմալեզու:

ԳԵՂԱՄ. - Մոմերը, տեսեք, գալիս են դեպի մեզ, գալիս են մեկ-մեկ:

ՎԱՐԴԱՆ. - Մոմերը գալիս են:

ԿԻՆ.- Մոմերի բանակ՝ խավարի դաշտում:

ՍԱԹԵՆԻԿ. - Ամեն մոմից թռած շողի մեջ երկնքում կանգնում-բացվում են դեմքեր, խոսքեր, հեռացած-չհեռացածներ:

ՀՈՎԵ. - Ու մենք պարզապես շատ ենք ու շատունք ենք... Ու ոչ ոք բացակա չէ: Բացականերն էլ բացակա չեն...

ՍԵՐՈԺ.  - Լռենք: Թող խոսեն մոմերը:

ԱՐՇԱԿ. - (Մոմ Ա): Մենք այստեղ ապրում ենք Նոյի ժամանակից: Ու թե մի քիչ խենթ ենք, դրա համար մեղավոր չենք:

ՊԱՏՄԻՉ. - (Ձայն) - Բայց ո՞վ է մեղավոր:

ՔԱՋԻԿ.  - (Մոմ Ա): Ոչ ոք: Գուցե մի քիչ՝ մեր արմատը, որ վաղուց հողի մեջ խրվել ու հասել է այստեղ:

ՊԱՏՄԻՉ.- (Ձայն): Որտե՞ղ:

ՄՈՒՇԵՂ.- (Մոմ Ա): Դաշտի խորքը: Կարասին: Այն կարասին, որի գինին քամվել է Նոյի ձեռքով, նույն որթատունկից, ու Նոյի ձեռքով էլ հողվել է կարասը:

ՊԱՏՄԻՉ.- (Ձայն): Իմաստուն խենթություն է:

ՍԵՐՈԺ.  - (Մոմ Բ): Հնուց ասված բան է. մենք՝ հայերս, խենթերի ժողովուրդ ենք...

ՊԱՏՄԻՉ.  - (Մոմ Գ): Հեյ ուլատեր, հեյ գառնատեր, եկեք տարեք, ով մեկն ունի՝ հինգն եմ բերել, ով հինգն ունի... Հեյ լեռնատեր, հեյ ձորատեր...

ՀՈՎԵ.- (Մոմ Դ): Անին կորցրել եմ Արցախում: Եկել եմ՝ գտնեմ:

ՄՈՒՇԵՂ. - (Մոմ Է): Արցախը Մուշն է...

ՎԱՐԴԱՆ.- (Մոմ Ջ): Վանն է...

ԱՐՇԱԿ. - (Մոմ Է): Ղարսն է...

ԺՈՐԱ. - (Մոմ Թ): Տարոնն է...

ՍԱԹԵՆԻԿ.- (Մոմ Ժ): Տալվորիկը...

ԱՐԵԳՆ.- (Մոմ Ի): Զեյթունը...

ՔԱՋԻԿ. - (Մոմ Լ): Ավարայրն է...

ՊԱՏՄԻՉ. - (Մոմ Գ): Հեյ ուլատեր, հեյ գառնատեր...

ՀՈՎԵ.- (Մոմ Դ): Էլ տեղ չկա: Էլ դատարկ չեմ գնա: Եկել եմ Արցախ... ու պիտի վերականգնեմ Անիս... Բերդաքաղաքս...

ՍԵՐՈԺ. - (Մոմ Խ): Ես եկել եմ Սումգայիթից:

ՄՈՄԵՐ.- (Ամեն մեկը՝ յուրովի, ցավով շշնջում է): Սումգայիթ...

ՍԵՐՈԺ. - Դեռ վերքը շատ է թարմ:

ԿԻՆ. - Դեռ արյուն է ծորում: Այդ անունը՝ զգույշ...

ԱՐՇԱԿ. - (Մոմ Խ.): Մարդիկ չկան: Շարժվող կացիններ են: Սուր կացիններ են, շիկացած երկաթաձողեր են: Սուսս...

ՍԵՐՈԺ. - Եվ սուրը դեռ չի հանվել: Եվ կացինը դեռ իջնում է:

ԺՈՐԱ.- Թուրքական խաժամուժ ու աղմուկ: Ու լաց:

ՀՈՎԵ.- Ու անօգնական ծկլթոցներ: Ու խուժանի հռհռոց:

ՔԱՋԻԿ.  - Ու հայոց արցախական բարբառի աստվածականչ մեղաներ: Պատմիչ: Ի՞նչ է սա:

ՊԱՏՄԻՉ. - Կացիններ... Յոթանասուն տարի՝ այսպես:Լափելու ձեւը փոխել են: Սկզբում խժռում էին եղբայրական պատառաքաղ-դանակներով՝ անձեռոցիկներով մաքրելով բերանները: Անձայն: Լուռ: Գդալ-դանակով: Հետո ամեն ինչ փոխվեց: Հետո... Երբ ձայն հանեցին ուտվողները, դանակները միանգամից դարձան կացիներ: Եվ Սումգայիթյան շիթերով ողողվեցին Քիրս ու Մռովի գագաթները... Ու հայոց արցունքներն ընկան մեզ խաբող-կապող դրոշների վրա ու տեսանք, որ նրանց կարմիրը սուտ է: Ու տեսանք, թե ոնց նրանց կարմիրը քամվեց-քամվեց ու դարձավ մեզ վառող կրակ, մեզ կենդանի-կենդանի, գազօջախի վրա խանձող հրդեհ: Ու սկսվեց... արյան մի հեղեղ:

ՔԱՋԻԿ.- Ո՞ւր ես, բիբլիական Արարատ, մոտեցիր, քո սպիտակափառ գագաթն այս անգամ էլ փրկության խարիսխ դարձրու եղեռնվող զավականցդ համար:

ԱՐՇԱԿ.- Բարձրացեք բոլորդ Տապանը Նոյան:

ԺՈՐԱ. - «Մեր երկիրը ավերված է, բայց սուրբ է եւ հին»:

ՄՈՄԵՐ. - «Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամեն քար»: «Սուրբ է ամեն քար»:

Դադար: Հրետակոծությունը սկսվում է: Բեմի վրա Գեղամն է:

ԳԵՂԱՄ.- Ելնեն Սասուն, հասնեն Վան... (Երգում է մի անուշ մոմիկ):

ԱՆՈՒՇ. - Գեղամ, Գեղամ: Ո՞ւր գնաց, Գեղամ: Գեղամ:

ԳԵՂԱՄ. - (Մեծավարի, անվախ): Ի՞նչ է եղել: Տատ:

ԱՆՈՒՇ.- (Գեղամին ճանկելով, կուչ է գալիս փլված շենքի կամարի տակ): Քեզ չասացի՞ նկուղից դուրս չգաս:

ԳԵՂԱՄ. - Ես պիտի գնամ կռիվ...

ԱՆՈՒՇ.- Էլի երեխայություն ես անում:

ԳԵՂԱՄ.- Ես երեխա չեմ:

ԱՆՈՒՇ. - Բա ի՞նչ ես:

ԳԵՂԱՄ.- Տղամարդ: Չես հավատո՞ւմ: Ահա ավտոմատս:

ԱՆՈՒՇ.- (Նոր միայն նկատելով ավտոմատը): Վայ, Գեղամ ջան, էս էլի իսկականն ես վերցրե՞լ: Արա, քեզ չե՞մ ասել՝ կտրաքի, արյուն կանի:

ԳԵՂԱՄ.- Ես խաղալիք ավտոմատ էլ չեմ վերցնելու:

ԱՆՈՒՇ.- Ինչո՞ւ:

ԳԵՂԱՄ.- Չի տրաքում: Սուտ տեղից «բիո-բիոմ» եմ անում՝ որ ի՞նչ: Իմ ընկերները հորս, մորս հետ կռվում են հիմա: Բոլորին ասել ես՝ գնացեք, գնացեք, ինձ չես թողնում:

ԱՆՈՒՇ.- Որ մեծանաս՝ ով չի թողնի, դու էլ կգնաս:

ԳԵՂԱՄ. - Բա ինչո՞ւ Վահիկը գնացել է: Նա ինձնից շատ է մե՞ծ:

ԱՆՈՒՇ.- Նա արդեն 17 տարեկան է:

ԳԵՂԱՄ. - Ինչ , երեք տարով է մեծ, էլի: Ես էլ եմ գնալու՝ կռվեմ: (Այդ պահին երեւում է համազգեստով եւ զենքով մի աղջիկ՝ Արեգնուհին):

ԱՐԵԳՆՈՒՀԻ.- Գեղամ... (տագնապ կա ձայնում):

ԳԵՂԱՄ.- (Առաջինը նկատելով մորը, վազում, փարվում է նրան): Մայրիկը, մայրիկը...

ԱՐԵԳՆՈՒՀԻ.- Գեղամ ջան, ինչո՞ւ եք այստեղ: Ախր, մամ ջան, ինչու նկուղում չեք: 

ԱՆՈՒՇ.- (Գրկելով հարսին): Սկսեցին Շուշուց խփել: Գեղամի ետեւից լեղապատառ դուրս եկա, տեսա՝ իր համար հանգիստ նստած՝ երգում է: Էս տրաքոցներն էլ՝ հեչ... Վեջը չէ...

ԳԵՂԱՄ. - Մամ... ախր...

ԱՐԵԳ.- Գեղամ ջան, քեզ ի՞նչ եմ ասել: Չորս-հինգ կողմից քաղաքի վրա խփում են:

ԳեՂԱՄ. - Ինչո՞ւ չեք հասկանում ինձ, ոչ տատիկը, ոչ դու: Հասկացեք, ես ուզում եմ ավտոմատս վերցնել, գնալ, հորս ազատել գերությունից:

ԱՆՈՒՇ.- Էհ, տղա ջան... Հայրիկի անունը մի հիշեցրու... (Արեգին): Բա էդ ո՞նց եղավ, որ տուն եկար... Կռիվը որտե՞ղ է գնում:

ԱՐԵԳ.- Մարտուու մոտերքում, մամ ջան, մերոնք լավ ջարդ են տվել: Մենակ թե՝ վիրավորները շատ են: Բերեցինք հոսպիտալ: Անհանգիստ էր սիրտս՝ ասի մի քանի րոպեով ոտս տուն գցեմ, ձեզ տեսնեմ:

ԱՆՈՒՇ.- Տիգրանից ոչ մի լո՞ւր...

ԱՐԵԳ.- Ոչ մի...

ԳԵՂԱՄ. - (Նայելով մոր զենքին): Մամ: Քո ավտոմատն է լա՞վ, թե՞ իմը:

ԱՐԵԳ.- Քոնը, որդիս, քոնը:

ԳԵՂԱՄ.- Իմը հայրիկի նվիրածն է, դրա՞ համար:

ԱՆՈՒՇ.- Հա... Որդի ջան:

ԳԵՂԱՄ.- Որ այդպես է, մամ, առ հայրիկի ավտոմատը, քեզ հետ կտանես:

ԱՐԵԳ.- Ապրես, որդիս... Քո հոր ավտոմատը պիտի կռվում լինի... Պիտի միշտ կրակի:

ԳԵՂԱՄ.- Մամ, դու կարողանո՞ւմ ես մարդ սպանել:

ԱՐԵԳ.- Չէ, որդիս, մարդուն չեն սպանի:

ԳԵՂԱՄ.- Բա էլ ինչո՞ւ ես կռիվ գնում, որ չեն սպանի:

ԱՐԵԳ.- Ում սպանում են՝ մարդիկ չեն, նրանք մարդասպաններ են:

ԱՆՈՒՇ.- (Կողքի վրա): Որ արյուն էր տեսնում Արեգը, վախից դողում էր... Էս աշխարհի վերջը ի՞նչ կլինի:

ԳԵՂԱՄ.- Մամ, դուք էլի թատրոն խաղալո՞ւ եք:

ԱՐԵԳ.- Որ հայրիկդ գա, կռիվը վերջանա: Խաղալու ենք:

ԳԵՂԱՄ.- Մամ, գիտես ինչ հիշեցի. էն, որ հայրիկի հետ տանը թրերով փորձում էինք:

ԱՐԵԳ.- Հիշում եմ, տղաս: Ո՞նց չեմ հիշում:

ԳԵՂԱՄ.- Էն, որ հայրիկը սուտ տեղից ընկավ քո թրի հարվածից, ես էլ սկսեցի լացել:

ԱՐԵԳ.- «Ռուզան» էինք խաղում:

ԳԵՂԱՄ.- Մայրիկ, հիշո՞ւմ ես: Դու եւ հայրիկն էլ սկսեցիք իմ լացի վրա ծիծաղել: Իմ լացի վրա:

ԱՆՈՒՇ.- Գեղամ ջան, հայրիկը կգա, էլի ամեն ինչ իր տեղով կգնա:

ԳԵՂԱՄ. - Մամ ջան, այն ժամանակ ես փոքրիկ էի, չէ՞: Կարծում էի, թե թատրոնում ամեն ինչ իսկականից է լինելու: Չէ՞...

ԱՐԵԳ.- Իհարկե, այն ժամանակ փոքր էիր: Բայց հիմա էլ թեկուզ մեծացել ես, տատիկին չարչարում ես էլի: Դա քեզ սազո՞ւմ է:

ԳԵՂԱՄ.- Ի՞նչ է, վա՞տ է, որ ուզում եմ թուրքերի դեմ կռվել: Թե կարծում ես կռվել չեմ կարող:

ԱՐԵԳ.-Որ մեծանաս...

ԳԵՂԱՄ. - Թշնամին մեր հողն է մտել, ես էլ տանը նստե՞մ: Հա՞: (Մեծավարի): Ես տղամարդ չե՞մ: Փողոց էլ դուրս չգա՞մ: Թողնենք գրադով խփեն, Մուրացանի արձանը ջարդե՞ն: Բա էդ «Ռուզանը» Մուրացանը չի գրե՞լ:

ԱՆՈՒՇ.- Հայրիկը ինչ է ասել քեզ: Չի՞ ասել, որ տատիկին, մայրիկին կլսես: Չի ասե՞լ: Երբ գրադով խփում են, դու Մուրացանին, ախր, ոնց պիտի պահես, այ գիժ...

ԳԵՂԱՄ.- Ասել է... Բայց... Մենակ դա՞ է ասել:

ԱՐԵԳ. - Էլ ի՞նչ է ասել:

ԳԵՂԱՄ.- Ասել է. «Գեղամ, դու հիմա մեծ տղա ես... Գնում եմ կռիվ: Տան տղամարդը դու ես մնում... Լավ իմացիր: Հասկանո՞ւմ ես՝ ինչ եմ ասում: Տղամարդու շնչից պիտի չոր քարն էլ կանաչի: ... Զենք գործածելը լավ սովորիր, հերս է ասել: Հայը պիտի միշտ զենքով լինի: Առանց զենքի կյանք չկա, մի կտոր խաղաղ երկինք չկա: Կին, տղամարդ, մեծ, փոքր: Բոլորը պիտի զենք ունենան»: Հերս է ասել:

ԱՐԵԳ. -Հայրդ ճիշտ է ասել: Ճիշտ է ասել Տիգրանը:

ԳԵՂԱՄ. - Մամ, տեսնում ես: Էն դասարանցի Գագոյի մայրն էլ է կռվում, գիտե՞ս:

ԱՐԵԳ.- Հա... Գիտեմ: (Բեմ է մտնում Արշակը՝ ձեռնափայտով):

ԱՐՇԱԿ.- Առյուծն առյուծ է, արու թե էգ:

ԳԵՂԱՄ. - Արշակ քեռի... Մենք ենք հաղթելու՞, թե՞...

ԱՐՇԱԿ. - Իհարկե... Մենք: Որդիս, գիտե՞ս ինչ: Հայ լինելը դժվար բան է: Աստված հային ստեղծել է՝ զույգ ոտքով ցավի ու տառապանքի մեջ: Բայց չի մոռացել նրա ճակատին աստղ դնել:

ԳԵՂԱՄ.- Ի՞նչ աստղ:

ԱՐՇԱԿ.- Էն աստղը, որ ինչքան էլ մութը թանձրանա, մեզ լույս է տալիս: Չի թողնում կորչենք: Դա հայի աստղն է: Էդ աստղից քո ճակատին էլ կա:

ԳԵՂԱՄ. - Արշակ քեռի, էդ աստղից հորս ճակատին էլ կա, չէ՞:

ԱՐՇԱԿ. - Ինչ խոսք, Գեղամ: Կա... Այ, գերությունից կպրծնի, կգա՝ կտեսնես: Քո հայրը գլուխ պահողներից չէ: Լավ կռվող է:

ԳԵՂԱՄ.-Ախր, ես որ չգնամ, նա ո՞նց կգա: Պիտի գնամ, որ ազատվի: (Արշակը բռնում է Գեղամի ձեռքը, դիմում մյուսներին): Տղամարդկանց մենակ թողեք:

ԱՆՈՒՇ. - Գնանք, հարս ջան, բերանումդ մի կտոր հաց դիր, ինքն էլ կգա... (Ցածր՝ Արեգին): Էլի թե Արշակը նրա էծերը բռնի: (Անուշն ու Արեգը գնում էին: Հեռվից ծանր-ծանր լսվում են եկեղեցու զանգերը՝ տինգ-տանգ, տինգ-տանգ):

ԱՐՇԱԿ.- Պրծավ...

ԳԵՂԱՄ.- Արշակ քեռի, լսե՞լ ես, ասում են՝ թուրքերը Գանձասարի վրա ռումբ են գցել, բայց էլի չի փլվել:

ԱՐՇԱԿ. - Եվ չի փլվի երբեք: Աստված մեծ է, Գեղամ: Չենք թողնի:

ԳԵՂԱՄ. - Իհարկե: Ես էլ չեմ թողնի:

ԱՐՇԱԿ.- Այ, Արշակ քեռու խոսքն ականջիդ օղ արա ու միշտ հիշիր, ես՝ մեռած, դու՝ սաղ...

ԳԵՂԱՄ.- Ո՞ր խոսքը:

ԱՐՇԱԿ.- Համբերիր, ասում եմ: (Լռություն): Ամեն հայի մեջ, Գեղամ ջան, մի վանք-եկեղեցի կա... Զանգերը մեկ ուրախ են հնչում էդ եկեղեցում, մեկ տխուր, մեկ տագնապով են հնչում... Բայց հնչում են... Հայը որտեղ էլ լինի, այդ զանգի վրա գալիս է ու գտնում իր բունը: Էդ զանգը մեր տունն է, բալաս:

ԳԵՂԱՄ.- Հայրս էլ է լսում զանգը, չէ՞, Արշակ քեռի:

ԱՐՇԱԿ.- Անպայման: Իհարկե: Գեղամ ջան: Հորդ համար, երեւում է, շատ ես տանջվում: Քեզ մի չարչարի: Ամեն ինչ լավ կլինի:

ԳԵՂԱՄ.- Արշակ քեռի: Անիծողը հիմա էլ կգնա, կանիծի:

ԱՐՇԱԿ.- Էհ... Լավ է: Գեղամ: Հիմար-հիմար մի խոսիր: Էլ ո՞ր օրվա ընկերներ ենք, որ ինձ էլ չես ուզում լսել: Բա տատիկդ մեղք չի՞... Գնա՝ թող մայրդ քեզնով մխիթարվի... Խեղճը վիրավորներ է բերել-էսա՝ նորից մեկնում է ճակատ:

ԳԵՂԱՄ.- Ճիշտ ես ասում, գնացի, Արշակ քեռի: (Գեղամը հեռանում է):

ԱՐՇԱԿ.- Տիգրան... Տիգրան: Ո՞ւմ մտքով կանցներ, թե քո կինը ավտոմատ կառներ ձեռքը: Էդ գառան պես խոնարհ աղջիկը...

 

(Մթություն: Լույսը բացվում է բեմի վրա դանդաղ: Գաղթականներ են բոլոր ճանապարհներին՝ հոգնած, մեկի շալակին մի աթոռ, մեկինը մի կապոց, մյուսի ձեռքին... Բեմ են մտնում Պատմիչն ու Արշակը, Հակոբը, Հովեն):

 

ՊԱՏՄԻՉ. - Հայոց Վաչագան թագավորի հիմնադրած Վարարակնի փողոցներում քանի-քանի գաղթականի հանդիպեցի՝ կոտորածից մազապուրծ, բարությունից ու հանկարծահաս կրակից շիկնած մամիկներ, զարմանքից էլ ավելի մեծացած աչքերով մանկիկներ... ծարավից ճաքած շրթունքներով, կիսաբոբիկ, կիսաչոր...

ԱՐՇԱԿ.- Աստված երբ է ոտք դնելու հայոց լեռներում: Քանի դար է՝ հայոց լեռները՝ երկինք հասած գագաթներով, բախում են Աստծո դուռը: Նորից՝ Դեր-Զոր... Դեր-Զոր՝ մեր տան մեջ...

ՊԱՏՄԻՉ.- Նորից եղեռն... Ավեր, ավար: Մեր վանքերի, եկեղեցիների զանգալեզվակները պոկել-կտրել-թլպատել են ենիչերիները, որ անգամ նրանք չղողանջեն... Պատմությունը կրկնվում է: Հայը փորձում է ազատ ապրել Աստծո էս լույս աշխարհում, էս բաց երկնքի տակ:

ՀԱԿՈԲ.- Էլ բավական է: Հայոց աշխարհի անտառներն ու ձորերը, լեռներն ու ժայռերը լեզու են առել ու միայն մի բան են վանկարկում, միայն մի բան են ասում: Էլ Բա-վա-կան է...

ՀՈՎԵ.- Ջարդել թշնամուն, չխնայել ոչինչ... Մաքրել հայոց բիբլիական հողը ժանիքները սրած գորշ գայլերից... Ազատել: Ազատություն: (Նկուղային սենյակ: Կանայք ու ծերեր: Երեխա: Զրուցում են ամեն ինչից):

ԱՆՈՒՇ.- Ասում են Ամերիկան ասել է՝ ղարաբաղցիների քեֆին ով դիպչի, քթիցը կբերեմ...

ԳԵՂԱՄ.- (Լռություն): Տատ, Ամերիկան մեր բարեկա՞մն է:

ԱՆՈՒՇ.- Է, բալա ջան: Ոչ մեր բարեկամը կարգին բարեկամ եղավ, ոչ էլ թշնամին՝ կարգին թշնամի:

ԺՈՐԱ.- Անուշ քույրիկ, ախր ոնց կարող է իմպերիալիստական Ամերիկան մեր բարեկամը լինել: Բա իր ժամանակին ընկեր Լենինը ասել է, չէ՞: Էն ուր է, է, էն անտեր բլոկնոտս, մեջը գրել էի... (փնտրում է):

ՍԵՐՈԺ.- Պա-հո... Ագիտատոր ապյատ նաչալ:

ԱՐՇԱԿ.- Արա... Ժորա..., այ պարտիական ախպերս, հերիք ա, էլի...

ԺՈՐԱ.- (Գտնելով ծոցատետրը, սկսում է մեջբերում կարդալ): Կապիտալիստական սիստեմին հատուկ է...

ՍԵՐՈԺ.- Կանչայ, դա, կանցե-կանցով: (Բոլոր կողմերից սաստում են, խանգարում, չեն թողնում շարունակի կարդալը):

ԺՈՐԱ.- Սիստեմին... Կապիտալիստական... հատուկ է...

ԱՐՇԱԿ.- Չէ... Չէ... Արա, սուս կաց, էլի: Գեղամ: Էս մեր պարտիական Ժորան ու Լենինը մեզ կերան:

ԱՐՇԱԿ.- Գեղամ, էն ավտոմատը, որ տվիր մորդ, է, նա է մեր բարեկամը:

(Դուռը սկսում են ծեծել տագնապալից: Բոլորը հավաքվում են դռան մոտ, ներս է մտնում վախեցած Պուղին, շալվարից պինդ բռնած, որ չընկնի: Գոտին չի հասցրել կապել):

ՊՈՒՂԻ.- Գալիս է: Բացեք դուռը:

ԱՐՇԱԿ.- Ո՞վ: Բաց է, Պուղի:

ՊՈՒՂԻ.- Գալիս է:

ԱՐՇԱԿ.- Ի՞նչն է գալիս:

ՊՈՒՂԻ.- Գալիս է, գալիս է:

ԱՐՇԱԿ.- Արա, մի կարգին խոսիր, շո՞ւն է գալիս, կատո՞ւ, թուրք: Օդո՞վ, ջրով...Որտեղո՞վ է գալիս:

ՊՈՒՂԻ.- Չէ, է, «Ալազան» է, «Ալազան» է:

ԱՐՇԱԿ.- Տնաշեն, էսքան ժամանակ գալիս է ու չի հասնո՞ւմ «Ալազանը»:

ՊՈՒՂԻ.- Հա, հա, հլա դեռ կարող է ճանապարհին է: (Դռան ճեղքով փորձում է նայել, վախեցած ետ է ընկնում): Չեք հավատո՞ւմ: Այ, այ, էլի երեւում է, կարմիր... գալիս է: (Փախչում  է խորքը):

ԱՐՇԱԿ.- (Դռան ճեղքով նայում է): Պա քու տունը շինվի, Պուղի... Արաղի Համոն մաղալը վառել է հինգերորդ հարկում:

ՍԵՐՈԺ.- Ա, նաստայաշչի տրուս...

(Կատակում են բոլորը, քաշվում իրենց անկյունները):

ԳԵՂԱՄ.- Չհասկացանք, Պուղի քեռի, դու տղամարդ չե՞ս, որ «Ալազանից» վախենում ես:

ՊՈՒՂԻ.- Դե սուս...

ԱՆՈՒՇ.- Գեղամ, արի քնիր, ուշ է:

ԳԵՂԱՄ.- Լավ, էլի, տատ:

ԱՐՇԱԿ.- Գեղամ, Պուղի:

ՊՈՒՂԻ. - Հա...

ԱՐՇԱԿ.- Ռադիոն միացրու, տեսնենք՝ ի՞նչ են ասում:

ԱՆՈՒՇ.- Արշակ ջան, մինչեւ հիմա ի՞նչ են ասել, որ սրանից հետո ինչ ասեն... էն, ինչ-որ մեր տղաները կռվի դաշտից գալիս, ասում են, ճիշտը էն ա: Տղերքը ասում են, որ էս գիշեր մերունք Շուշվա վրա սկսելու են գրոհը:

ԳԵՂԱՄ.- Հա, հա, ես էլ եմ լսել...

ԺՈՐԱ.- Արսենս վաղուց է ասել:

ՊՈՒՂԻ.- Էս ա... (Միացնում է ռադիոն ակումլյատորից):

 

---------------

Պիեսն ամբողջությամբ կարող եք բեռնել այստեղից