Վարդան Հակոբյանի պաշտոնական կայքը Գրող, բանասիրական գիտությունների դոկտոր:

Երկեր

Ձյունիկ ձին

Մեր Մեծ քարի մասին աշխարհը չգիտե: Բայց այն նշանավոր է: Ինչո՞վ՝ կասեք դուք: Պատմեմ՝ լսեք: Ուրեմն, մեծ պապիս ձին մի օր կորչում է: Փնտրում է պապս, չի գտնում: Մութն ընկնում է: Ստիպված մոմաճրագը վառում է, դնում Մեծ քարի վրա, որ շրջակայքը լրիվությամբ երեւա: Եվ հանկարծ ձիու խրխինջ է լսվում: Կանչում է պապս, ձին գալիս է, բայց՝ որպես երազ: Պապս շրջվում է, որ ճրագը վերցնի, տեսնում է այն աստղ է դարձել ու քարին պսպղում է: Էլ ձեռք չի տալիս:
Մեծ քարի շուրջը ուշ մայիսին, ամեն տարի մի քանի օր, գիշեր չի լինում, լինում է միայն ցերեկ: Ամենուրեք պսպղացող ծաղիկները լույս են արձակում, շատ նման են աստղերի, դրա համար մարդիկ նրանց կոչել են աստղածաղիկներ:
Պապիս ձին միայն աստղածաղիկների մեջ է պահվում եւ սիրում է մարդկանց այցելել երազների մեջ. եթե որեւէ մեկը ուզում է թռչել կամ մի տեղից ուշացած է լինում, թեւավոր այդ ձին գնում, նրա խնդրանքը կատարում է: Դրա համար պապս միշտ ասում է՝ ձին մուրազ է, որ երազում տեսնես, ուրեմն՝ հասնելու ես նպատակիդ: Գուցե թե երազում դուք էլ ուզենաք կանչել, անպայման կգա, իմացած եղեք՝ ձիու անունը Ձյունիկ է: