Անդրադարձներ
ԲԱՐԵՎ, ՇԻՐԱԶ

Հովհաննես Շիրազ... Այս անունն իմ մանկության ու պատանեկության թալիսմանն է: Անուն, որ ինձ համար դարձավ սկզբունք եւ դավանանք, սեր եւ պաշտամունք: Չեմ հիշում, թե առաջին իմ հանդիպումը որտեղ եւ երբ է եղել Շիրազի բանաստեղծության հետ: Կարծես թե այն միշտ էլ եղել է ինձ հետ, իմ մեջ, ինձնից առաջ էլ այն խոսում էր հորս երակներում:
Շիրազը ինձ համար նախ մեծ, շատ մեծ մարդ էր, ապա՝ բանաստեղծ: Նա խոշոր հայրենասեր էր, այլապես, մտածում էի՝ այսքան հզոր բանաստեղծ չէր կարող լինել: Եվ այդպես էր:
Շնչում էի Շիրազով:
Բարեւ Շիրազ,
Հայոց արեւ,
Հայոց ազգին
Հազար բարեւ...:
Նամակը, որ ուղարկեցի Հովհաննես Շիրազին, սկսվում էր այս տողերով: Ես հիմա չեմ հիշում, թե նամակում ինչ էի գրել: Վերջապես, ինչ կգրեր բանաստեղծական աշխարհում իր առաջին ու անփորձ քայլերը կատարող մեկը՝ հայ նորագույն պոեզիայի իր Աստծուն: Եվ շատ ժամանակ չանցած՝ ստանում եմ մի ծրար: Երեւի խորհրդի էր դիմել, դա զգացվում էր Շիրազի պատասխանից.
Բանաստեղծը պիտի ծնվի,
ծնվածն հանք է՝ պիտի հանվի:
Միակ հերոսն աշխարհի մեջ
Բանաստեղծն է խորունկ ու պերճ:
Բայց նա հանք է՝ պիտի հանվի՝
ինչպես ժայռից ծաղիկ ծնվի:
Շիրազի ոչ մի գրքում տեղ չգտավ այս հրաշալի բանաստեղծությունը: Երեւի հանպատրաստից գրել ու ծրարելով, ուղարկել է ինձ՝ չպահելով ձեռագիրը: Չեմ կարող ասել, թե ինչպիսի ուրախություն ու ոգեւորություն բերեց ինձ այդ նամակը: Սովորում էի Հին Թաղերի միջնակարգ դպրոցում: Ընթերցում ու վերընթերցում էի Շիրազի տողերը: Երկու անգամ կարդալուց հե տո անգիր գիտեի, ինչպես Շիրազի ամբողջ «Քնար Հայաստանին», առանձին պոեմներ: Բայց արտասանելը ուրիշ է, կարդալը՝ ուրիշ: Չէ՞ որ Շիրազի ձեռագիրն եմ ընթերցում, չէ՞ որ այդ թղթին դիպել է Շիրազի ձեռքը... Ուսումնասիրում էի բանաստեղծության յուրաքանչյուր տառը. Շիրազի «ա»ևն, Շիրազի «ն»ևն, ահա... Մի խոսքով, գիշերն էլ մի քանի անգամ արթնանում էի ու վերընթերցում Շիրազի նամակը...
Ապրում էինք դպրոցի հանրակացարանում: Մի լավ ընկեր ունեի՝ Գրիշա անունով: Գրքից հեռու էր սակայն: Ու մի օր էլ, երբ գրականության ուսուցչուհին՝ Արշալույս Ավետիսյանը, կազմակերպեց արտասանության մրցույթ, առաջնություն գրավեց նաեւ Գրիշան, իմ ընկեր Գիրին... Արտասանում էր Շիրազից: Ինձ համար էլ դա զարմանալի էր, ախր նա ոչ մի անգամ գիրք չէր կարդում... Ինչո՞ւմն էր բանը:
-Իմ արտասանությամբ ամենից շատ ես եմ զարմանում,և ինձ հետո ասել է Գիրին,և ինքս էլ չգիտեի, որ այդքան բան եմ իմանում Շիրազից... Մեղավորը դու ես, քնած տեղս էլ եմ Շիրազ լսում... Սկսեցի արտասանել ու տեսա, որ չէ՝ իրենքևիրենք գալիս են...
Իմ օրինակով մեր դպրոցից մի քանի հոգի նամակով դիմեցին Շիրազին: Պատասխան չկար: Մի ընկեր էլ, որ դարձյալ բանաստեղծական փորձեր էր անում, նամակ հղեց մեծ բանաստեղծին: Բայց, որքան գիտեմ, նրա նամակը շարադրել էր դպրոցի ուսուցիչներից մեկը: Դարձյալ անարդյունք մնաց: Երեւի, մտածում եմ հիմա, Շիրազը զգացել էր նամակի ոչ «խամ» լինելը... Ես ուրախանում ու հպարտանում էի ինձ վիճակված բախտով՝ Շիրազն ինձ պատասխանել է:
Ես շարունակում էի նամակներ հղել՝ առանց մտածելու, որ սիրելի բանաստեղծի ժամանակից կարող եմ թանկագին պահեր խլել իմ համառությամբ: Հենց այդ օրերին լրանում էր Շիրազի ծննդյան 50-ամյակը: Շնորհավորեցի մի բացիկով եւ, եթե չեմ սխալվում, հորս կողմից խմբագրված երկու բանաստեղծությամբ՝ նվիրված Շիրազին: Հայրս եւս ստեղծագործում էր եւ ընդգծված շիրազական էր:
Նամակում, ինչքան հիշում եմ, գրել էի նաեւ իմ ցանկության մասին. ուզում էի անձնագրային «Սլավիկ» անունս փոխարինել «Հայկ» անվամբ, որը խիստ հայկական է ու նաեւ բանաստեղծական... Սիրտս ամբողջովին բացում էի ուսուցչիս առաջ: Որոշ ժամանակ պատասխանն ուշանում է: Երկու շաբաթն անցնում է, անհանգստանում եմ արդեն՝ չլինի՞ հանկարծ մի բան չեմ գրել այնպես, ինչպես պետք է... Ինձ հետ մտատանջվում էր այն աղջիկը, որին սիրում էի: Ամեն օր գնում էի փոստ ու քանի որ արդեն բոլորը գիտեին ինչի համար եմ եկել, լուռ սպասում էի՝ նամակ լինի՝ կասեն: Եվ մինչեւ որ չէի լսում՝ նամակ չի եկել, չէի հեռանում: Փոստն այդ ժամանակ ձիով էին բերում հարեւան գյուղից, շատ հաճախ հենց այդ ձիավորից էի իմանում՝ նամակս կա՞, թե չէ: Մի օր էլ, երբ տխուր կանգնել փոստի մոտ ու սպասում էի, ինձ մոտեցավ փոստի հավաքարարուհին.
-Նամակներ են բերել, բայց դեռ փոստում մարդ չկա, որ նայի, բաժանի, արի ու նայիր՝ գուցե նամա՞կ ունես... Ամա ուրիշի չասես, որ ես եմ թույլ տվել նայես նամակները:
Ներս եմ վազում: Ու չեմ ընթերցում հասցեները, Շիրազի ձեռագիրն եմ փնտրում ծրարների վրա: Եվ հանկարծ աչքերս փայլում են անասելի ուրախությունից: Ինչ երանական պահեր էին: Նամակը վերցնում, դուրս եմ նետվում: Ու վազում եմ, վազում եմ դեպի հանդերը, որ մենության մեջ կարդամ: Կարծես աշխարհի ամենամեծ գաղտնիքը պետք է այնտեղ լինի, ու ես պարտավոր էի զգում այն պահել... Հին-թաղերցիներն իմ «գժությամբ» էին բացատրում եւ այն հանգամանքը, որ արժանացել եմ իմաստուն ու խենթ Շիրազի ուշադրությանը: Ինձ մնում էր շատից-քչից ունեցած իմ «խենթություններով» հպարտանալ: Իսկ երբ սկսում էի Շիրազի պոեմները արտասանել ժամերով, ողորմածիկ տատիկս՝ Սաթենիկ անունով, որ շատ բարի, բայց կյանք ու տառապանք տեսած, հավատով կին էր, զարմանքից ձեռքը շուրթերին էր տանում եւ վախեցած-վախեցած, թաքուն հանդիմանում մորս.
-Բա որ գլխում բան չլինի տեղահան եղած, էդքան ո՞նց կհիշի, չե՞ք տեսնում, որ երեխան քաշկուտ է ընկել... Տարեք մի բախտ եշողի կողք...
Իսկ երբ մայրս ծիծաղում էր ու չէր արձագանքում, Սաթենիկ տատս շտապում էր ինքն իրեն հանգստացնել.
-Դեհ, ասենք, Զառունք բոլորն են էդպես...
Մի օր էլ որոշեցի տատիկիս համար կարդալ Շիրազ: Սկսեցի արտասանել Շիրազի «Մայրականից»... Լսեցևլսեց, հետո թե՝ էդ սուրբ մարդ է, նկարը չունե՞ս...
ևՈւնեմ, ուզո՞ւմ ես տեսնել...
ևՄի բեր, տեսնեմ...
Շիրազի նկարը («Քնար Հայաստանիի» առաջին էջում) ցույց եմ տալիս տատիկիս: Համբուրում է մի քանի անգամ ու հանկարծ ասում.
-Առաջներում մեծ մարդիկ մորուք էին պահում...
Հետո հաճախ էր տատիկս հարցնում Շիրազի մասին, որի անունը լավ գիտեր, հաճախ էր նրանից իմ արտասանած մտքերով ինձ դաստիարակում:
... Այսպես ահա: Նամակի պատմությունից շատ շեղվեցի: Խոսքը խոսք է բերում: ՈՒրեմն՝ նամակը կարդում եմ հափշտակությամբ: Ահա այն ամբողջությամբ.
«Սիրելի պատանի
Հակոբյան Ս.
Ստացա փոքրիկ նամակդ ու ինձ նվիրած բանաստեղծությունդ, խորին շնորհակալություն երկուսի համար էլ: Ուրախ եմ, որ խելքի ես գալիս եւ օտար ափերուդ անունդ դեն ես ձգում՝ հագնելով հայոց արծվենի անունը՝ Վարդան, այն, որ Ավարայրն է հիշեցնում միշտ եւ սաստում է ազգի դավաճաններին (որոնցով լիքն է իմ շուրջի Հայաստանիկը): Ապրես, որ միշտ ստեղծագործում ես...
Հուսանք...
Հ. ՇԻՐԱԶ»:
Ես այն ժամանակ, իհարկե, չհասկացա ինչ դավաճանության մասին է խոսքը, հետո իմացա, թե ինչի մասին է ակնարկում բանաստեղծը:
Ես ուզում էի Հայկ վերանվանվել, բայց Շիրազը իմ ցանկության մեջ մտցրեց արծվենի անունը՝ Վարդան... Մեծ բեռ էր դրվում ուսերիս: Դժվար է կրել նման անուններ, մանավանդ, երբ տրվում են Շիրազի նման մարդկանց կողմից: Ինչ արած, կամովին էի բեռան տակ մտել... Այդ օրվանից օրինական հպարտությամբ եմ կրում Վարդան անունը: Ու միշտ մտածում եմ արժանիորեն կրել այն...
Շիրազն այդպես դարձավ կնքահայրս: Ու հիմա էլ, երբ լսում եմ նրա անունը, ընթերցում նրա տողերը, սիրտս պատառևպատառ է լինում: Ոչ միայն Հին Թաղերը, այլեւ ամբողջ շրջանը գիտեր արդեն շիրազականիս մասին, որպես «շնորհալի մի պատանու»: Ինձնից անկախ ես ընկնում էի մեր ձորերում Շիրազի մասին հյուսվող լեգենդների մեջ: Եվ ամենից շատ իմ շիրազականությամբ հպարտանում էր ընկերս՝ Գիրին:
-Արի մի անգամ փախչենք դպրոցից, գնանք տեսնենք, գանք,և խորհուրդ էր տալիս նա՝ հիմք ընդունելով իր տարիքային «ավագությունը»:- Ամոթ է, այսքան ժամանակ ճանաչում ենք իրար ու սիրում, բայց դեռ չենք հանդիպել:
Ես չհամաձայնեցի: Դա չարինք, որովհետեւ մտածում էի՝ իսկ եթե հանկարծ Շիրազը հարցնի մեզանից՝ բա դուք հիմա դասի չե՞ք լինում, ի՞նչ պիտի ասենք...
Գիրին զիջեց՝ իսկապես, հանկարծ վատ կմտածի մեր մասին:
Ակամայից Գիրին դարձավ իմ «բանաստեղծական փառքի» պրոպագանդիստը: Գիրին դասարանից դասարան էր փոխվում նույն նստարանին 2-3 տարի նստելուց հետո, նրա «վատ» սովորելու մասին գիտեին բոլորը: Ինձ հետ էր սովորում, բայց տարիքով մեծ էր ինձանից, շատ հաճախ փոխադրում էին բարձր դասարան՝ անհարմար զգալուց... Բայց Գիրին մի բան էր հաստատել.
-Տեսեք, ինչքան մեծ պոետ է Շիրազը, որ Գիրին էլ է իրեն անգիր իմանում...
Շիրազի նամակները, ցավոք, զայրացնում էին իմ ուսուցիչներից մեկին, որի դասերը լավ չէի սովորում:
-Փոխանակ նամակներ գրես գրողներին, վերցրու դասդ սովորիր...
Հիմա ցավով եմ հիշում այդ մարդուն ու նրա խոսքերը, մանավանդ, ինձ ոչ ոք այդպես ընկճել չէր կարող...Շիրազն արդեն ինձ հետ էր, իմն էր աշխարհը: Իսկ ահա իմ գրականության ուսուցչուհին, իմ այնքան սիրելի Արշալույս Ավետիսյանը, ինձ շատ էր հավանում, թաքուն թախծում էր անգամ իմ եւ սիրածս աղջկա սիրո անհամաձայնություններից:
Ուսուցչուհուս նախաձեռնությամբ որոշեցինք Հին Թաղերի ակումբում լայնորեն նշել Շիրազի ծննդյան 50-ամյակը: Զեկուցումը պետք է ես կարդայի: Ես զգում էի, որ ուսուցչուհիս իմ միջոցով ուզում էր «մատ» հայտարարել ինչևոր մարդկանց... Եվ հպարտ էի վատ աշակերտ չլինելու համար... Երեկոն անցավ սպասածից հաջող: Քսանհինգ րոպե բանավոր խոսեցի Շիրազի պոեզիայի մասին, կես ժամից ավելի էլ արտասանեցի նրա գործերից: Հետո Շիրազի տեքստերով երգեր հնչեցին...
Քանի որ կյանքում առաջին անգամ էր նման գործ վստահվում ինձ, լավ էի պատրաստվել զեկուցմանը: Օգտագործել էի անգամ այնպիսի բառեր, որոնք մինչ այդ չէին հնչել գյուղում: Վերջում ինձ մոտեցավ իմ լավագույն ուսուցիչներից մեկը՝ Գառնիկ Ամիրյանը եւ հարցրեց. ևԱյնտեղ «Ֆաբուլա» բառը օգտագործել ես, գիտե՞ս ինչ է նշանակում:
-Իհարկե:
Եվ բացատրեցի: Գոհ մնաց: Ինձ հետ մտերիմ էր: Ինքն էլ էր գրում բանաստեղծություններ, բայց շիրազական չէր: Ավելի շատ հակում ուներ դեպի Համո Սահյանը, որի նկատմամբ էլ ես մեծ սեր ունեմ...
Եվ այսպես, շիրազյան շնչով իմ պատանեկության ամենագեղեցիկ օրերն էին անցնում: Շիրազով քուն մտնում ու զարթնում էի... Ես նրան իմ նամակներում գրում էի ամեն ինչի մասին՝ ինչ որ բանաստեղծական «հովերով» լիքը գլուխս էր թելադրում իմ այդ գրեթե մանկական հասակում: Իմ ուսուցիչներից մեկը խորհուրդ տվեց ինձ՝ հարցրու Շիրազին քո բանաստեղծությունների մասին, թող դիտողություններ անի եւ այլն... Ու իմ նամակի մեջ գրեցի այդ ամենի մասին: Պատասխանը չուշացավ: Նա գրում էր, որ դիտողությունների չսպասեմ, շարունակեմ ստեղծագործել, շատ ու շատ կարդամ, քանի որ ընթերցանությունը շատ բան կսովորեցնի:
Երբ ես վերջերս Շիրազի նամակները իրար էի բերում, որպեսզի շարադրեմ հուշերս, ցավով նկատեցի, որ այս նամակը չկա, մնում է միայն ծրարը: Աշակերտական ընկերներիս թերթերո՞ւմ էր մնացել, թե՞ ուսանողական տարիներին եմ կորցրել, չգիտեմ: Գրում եմ՝ ի մի բերելով հիշողությանս մեջ մնացածը...
Այդ նամակը, հիշում եմ, տվի ինձ չսիրող ուսուցչիս: Դասի կեսին սկսեց բարձրաձայն կարդալ՝ տարօրինակ մեկնաբանություններով, հետեւություններով.
ևՏեսնու՞մ ես, քեզ երեխայի տեղ է դնում... Իսկ սխալներդ այնքան շատ են, որ ավելորդ է համարում ուղղել, ասում է՝ երբ մեծանաս, ինքդ կզգաս...Հետո՝ ասում է «շատ, շատ կարդա», նշանակում է, որ քեզ մոտ կարդացածության շատ պակաս է տեսնում...
Լսում էի ու քիչ էր մնում լաց լինեի: Մտածում էի՝ ինչ կասի սիրածս աղջիկը, եթե այս ամենի մասին հանկարծ իմանա:
Շտապում եմ գրել հաջորդ նամակը, որտեղ Շիրազին հրավիրում եմ Ղարաբաղ, Հին Թաղեր... Հրավիրում եմ այնպես, ինչպես կարող էր որդին հորը հրավիրել տեսակցության, անվերջանալի երկար սպասումից հետո:
Երկար, շատ երկար սպասեցի պատասխանին:
Եվ մի օր էլ, վերջապես, ստացա մի փոքրիկ գրություն:
«Սիրելի Վարդան, կներես, որ ուշացումով է պատասխանվում Ձեր նամակը եւ այն էլ Հ. Շիրազի քրոջ կողմից: Նա այժմ Լենինականում է գտնվում: Կգա, կպատասխանի Ձեր նամակին»: Ու այսպես... Օրերը գնացին: Պատասխան չստացա եւ ինքս էլ այլեւս չգրեցի: Ավելին, սկսեցի մտածել՝ հո մի վատ բան չե՞մ արել, որ հրավիրել եմ, գուցե գրել եմ բառեր, որ պետք չէին: Իսկ գուցե նամակս չի՞ ստացել: Բայց հիշում եմ, որ նամակը գրվել է այնպիսի ներշնչանքով ու ինքնամոռացությամբ, ինչպիսի նվիրումով միայն հավատացյալն է աղոթում...
Օրերը տարիներ են դարձել: Միջնակարգն ավարտել եմ: Որեւէ բուհում սովորելու հույսը լցրել է իմ օրերը: Եվ Երեւանում, համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ դիմելուց ու թղթերս ետ ստանալուց հետո (քանի որ դպրոցում օտար լեզու չէի անցել, փաստաթղթերս չվերցրին) ստիպված եղա մեկնել Բաքու:ևԵթե ստացվի՝ ինստիտուտ ընդունվես Բաքվում, գոնե քրոջդ մոտ կլինես, աղջիկ խոխա է...,և ասում էր հայրս,և ես էլ իմ գործին կգնամ, խոտհարքի ժամանակ է գյուղում:
Դեհ, քանի որ ժուռնալիստիկայում չի ստացվել, ինձ համար մեկ էր, թե որ ինստիտուտում, որ բաժնում կսովորեի: Լսեցի հորս, ու մեկնեցինք Բաքու:
Վերադարձից առաջ փորձեցի Շիրազին հանդիպել: Չստացվեց: Դռան զանգի վրա դուրս եկավ մի երիտասարդ կին եւ ասաց, որ Շիրազը տանը չէ, ուշ կգա... Աստիճանների վրա կանգնած, հորս հետ վիճում էի... Ես ուզում էի այդտեղ, հենց միջանցքում, սպասել այնքան, մինչեւ կերեւա Շիրազը: Հայրս ավելի սթափ էր մտածում.
-Ա խոխա, Շիրազը ես եմ, ես էլ գիշերվա մեկին եմ գալիս, էդքան ստեղ սովածևծարավ սպասելու ե՞ս...
Հայրս դեռ խոսքը չէր ավարտել, երբ մի երիտասարդ՝ բարձրանալով աստիճաններն ի վեր, դիմեց մեզ.
-Դուք ո՞ւմ եք ուզում:
Երեւում էր, որ այդ շենքում ապրողներից էր:
-Շիրազին... Չգիտե՞ք երբ կգա, որտեղ է,և միամտաբար հարցրի ես:
-Շիրազը...,և իզուր եք սպասում, նա շատ ուշ կգա, գալուց էլ, ով գիտե, խմած, օրորվելով...
Ես չթողեցի, որ նա շարունակի: Տեսնում էի, որ մաղձ կա այդ մարդու մեջ: Հենց այդպես թողեցի խոսելիս ու հեռացա: Ու երկար ժամանակ մտածում էի՝ այնքան լավ մարդու եւ գրողի հարեւանությամբ ինչո՞ւ են այդպիսի մարդիկ ապրում...Գնացինք գրողների միություն: Այնտեղ Սարմենն էր միայն: Պատմեցինք իմ ով լինելու մասին եւ շեշտեցինք, որ Շիրազին ենք ուզում: Եթե Շիրազը տեղում չէ, ասացինք, Համո Սահյանին կուզեինք տեսնել...
Համո Սահյանն էլ տեղում չէր:Այդ պահին ներս մտավ Գեղամ Սարյանը՝ ամբողջովին սպիտակի մեջ՝ եւ վարսերը, եւ զգեստները... Կարծես անբիծ մաքրության մարմնավորում լիներ երկրի վրա: Բարեւելուց հետո հարցրեց.