Վարդան Հակոբյանի պաշտոնական կայքը Գրող, բանասիրական գիտությունների դոկտոր:

Նորություններ

Վարդան Հակոբյանն արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի

Մինչ պաշտոնապես կհայտարարվի, թե ովքեր են այս տարի արժանացել ՀՀ նախագահի պետական մրցանակին, ոչ պաշտոնական մակարդակով շշուկներն ու խոսակցություններն արդեն կան:

Այդպիսով, շաբաթ օրը տեղի ունեցած քվեարկության արդյունքում նախագահի գրական մրցանակին արժանացել է Արցախի ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը: Նշենք, որ մրցանակը շնորհվում է ամեն տարի՝ արժեքավոր գործեր եւ հայտնագործություններ կատարած ու, որպես կանոն, ՀՀ քաղաքացի հանդիսացող հեղինակներին՝ 7 բնագավառներում:  2001-ից տրվող մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Ֆրանսիա):

Որպես մրցանակ՝ շնորհվում են վկայագիր, մեդալ եւ դրամական պարգեւ՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք չափով: Հանձնաժողովի նախագահ՝ գրող, հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանը նշեց, որ, ի տարբերություն անցած տարիներին տրվող 5 հազարի, այս տարի 10 հազար դոլար մրցանակի գումարային չափն ավելի է սրել մրցույթի շուրջ քննարկումները, դա մի կողմից վատ է, մյուս կողմից՝ լավ, որովհետեւ ավելացնում է մրցակցությունը: Թեկնածուների ընտրությունն ու առաջադրումը կատարվում են «Պողոսյան» հիմնադրամի եւ «Հայաստան համահայկական հիմնադրամի» կողմից: Գրական մրցանակին ներկայացված 13 հայտերից հանձնաժողովն ընտրել է 7 հեղինակի, 2-րդ փուլում՝ այդ 7-ից 3-ին. Վարդան Հակոբյանի «Պոեմ իմ մասին կամ՝ 24-ն անց 81 րոպե» գործը, Հրաչյա Թամրազյանի «Բանաստեղծություններ, էսսեներ, գրական դիմանկարներ, հոդվածներ» գիրքը եւ Արեւշատ Ավագյանի «Աստղալույսերի ձայնը» բանաստեղծությունների ժողովածուն, որի արդյունքում փակ քվեարկության ժամանակ 3 կողմ եւ 2 դեմ ձայներով անցել է Վարդան Հակոբյանի գիրքը, 2 կողմ, 3 դեմ ձայների է արժանացել Հրաչյա Թամրազյանի գիրքը, 5 դեմ ձայների՝ Արեւշատ Ավագյանի ժողովածուն:

 

Արտատպված է Հրապարակ օրաթերթից

ՀԵՂԻՆԱԿ՝ ՍՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ