Վարդան Հակոբյանի պաշտոնական կայքը Գրող, բանասիրական գիտությունների դոկտոր:

Նորություններ

Ուղու շրջանցում հանուն ճանապարհի

 

Լույս է տեսել  Վարդան ՀԱԿՈԲՅԱՆԻ բանաստեղծությունների ընտրանին` ՙՓակիր աչքերդ`  չերևաս՚ խորագրով, որը կազմել, խմբագրել ու առաջաբանը գրել է գրականագետ Արքմենիկ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ: 

Այդ առաջաբանը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:

Բանաստեղծությունների ընտրանին պոետի ստեղծագործական ճանապարհի ամենակարևոր հանգրվանն է: Եվ դրան նախապատրաստվել է պետք, որովհետև ուզածդ պահի նախընթաց բանաստեղծությունների հավաքումը մեկ կազմի տակ, թեկուզև որոշակի ու խիստ ընտրությամբ, դեռևս ընտրանու ցուցիչ չէ: Այս դեպքում ո°չ անցած գրական ճանապարհի տարիների քանակն է որոշիչ, ո°չ գրքերի հաստությունն ու բարակությունը, ո°չ թիվը… Ընտրանին պոետի ստեղծած բանաստեղծական տան, անկախ դրա մեծությունից, լիարժեք նկարագիրն է, որտեղ ավելորդ իրեր չպետք է լինեն: Դրանք ճոխացնելն ու հարստացնելը ուրիշ հարց է: Ուստի` ընտրանի հրատարակելը գրեթե յուրաքանչյուր բանաստեղծի համար ունի շրջափուլային, ամփոփող-փակող գործառույթ: Այսինքն` ընտրանու հրատարակությունը ինչ-որ ավարտի ու կայացածության գիտակցության վկայագրություն է ու ամրագրում: 

Վարդան Հակոբյանի ընտրանու ժամանակն է եկել: Եվ դրա ամենակարևոր փաստարկն այն է, որ նա վերջնականորեն կայացել է իբրև բանաստեղծի տեսակ, որքան էլ ինքը պնդի, թե` ՙԻնձ հավերժ // անհաս մնացին այն գագաթները, որոնց ես հասա…՚: Բանաստեղծները դժվար են նորանում: Եվ Վարդան Հակոբյանն այն բացառիկներից է, որոնց հաջողվել է հոգեբանական-ստեղծաբանական այդ  խիզախությունը: Նրա նախընթաց շրջանի, մասնավորապես` 1970-80-ական թվականների ժողովածուների կոկիկ ու քնարական տողերում միշտ թպրտում էր մի անհանգիստ տագնապ, որ փորձում էր ճեղքել ավանդական չափ ու ձևի, բովանդակային կանոնիկացած տարածության պատնեշը, հանգամանք, որը մի կողմից` արժևորում էր այդ շրջանի նրա բանաստեղծություններն ու, միևնույն ժամանակ` խանգարում բանաստեղծական տեսակի կայացմանը: 1990-ական թվականների հատկապես վերջերին նրա հրատարակած ժողովածուներում արդեն ականատեսն ենք այդ անհանգիստ տագնապի բանաստեղծական գոյավորման, որ իրմով նշանավորում էր նոր հատկականությունների ամրագրում արդի հայ պոեզիայի ընդհանուր դիմագծում: Անշուշտ, հասարակական-քաղաքական հայտնի ու պատմական իրադարձությունների ազդեցությունն ու դերը կա բանաստեղծական այդ պոռթկման մեջ: Արցախյան հերոսամարտն, այդ առումով, իր հաղթական ու ողբերգական դրվագներով` տիեզերական իրադարձություն է Վարդան Հակոբյանի ընկալումներում, որը մղում է էպիկական ուժի ընդհանրացումների, իսկ Արցախը սոսկ ծննդավայր չէ նրա համար, այլ գոյաբանական կենսատարածք, որը և° առարկայական է դարձնում տիեզերական շարժումների էքզիստենցիալ սարսափների զգացողությունը, և° բացառիկության հպարտություն շնորհում` թեկուզև խորքում կրկին դրամատիկ շեշտադրումներով.

 

Իսկ Մայակովսկին կամ Ուիթմենը

որտեղի՞ց իմանան, թե

ինչ երանություն է` չճանաչված երկրի

քաղաքացի և, առավել ևս` 

բանաստեղծ լինելը:

 

   Արցախյան զրնգուն հումորի հաճախադեպ ներկայությունը ևս այդ զգացողությունների տիրույթում է դիտարկելի: Այդ հումորն իր ընդգծված բարեհոգի դրսևորումներով` նախկինում էլ կար, սակայն այժմ այն հատկանշվում է իր դառնությամբ, որովհետև ցավի ու տառապանքի ծնունդ է և հուսահատորեն փորձում է սփոփել արցախցու ողբերգական ապրումներն ու գոյավիճակը.

 

Իսկ Հաբի պապս, որ հին արցախցի է, 

ու  մի քիչ նման է Հոբին,

մեկ-մեկ հեռուստացույցով դիտում է 

Կոնդոլիզա Ռայսի 

մասին հաղորդումները, նրան նայում

ու ասում է` լավ հարս է, խոսք չունեմ, 

բայց ափսոս, 

երևում է` դեռ կարգին տղամարդու 

ձեռք չի ընկել…

 

 Այսքանով հանդերձ` այդ պոռթկման ազդակների մեջ երբեք չպետք է անտեսել բանաստեղծի ներքին մտահոգությունների, ստեղծագործական որոնումների դերը, քանզի նորացումն անպայման ինքնությունից որոշակի հրաժարում է նշանակում: Եվ Վարդան Հակոբյանը գնաց այդ ինքահրաժարմանը` հանուն իրեն գտնելու խիզախության, կամ` իր ձևակերպմամբ` ՙ: Այս վերջակետին ես շատ եմ սպասել, որ տեսնեմ // սկիզբը բանաստեղծության՚: Այլ խոսքով` նա գիտակցաբար շեղվեց իր ուղուց` ճիշտ ճանապարհը չկորցնելու նպատակադրմամբ:

 

Ես հրաժարվում եմ քեզ մոտ 

բերող բոլոր

ճանապարհներից, որ բաց են արդեն,

ես ուզում եմ հայտնագործել 

մի նոր ուղի, 

որով առաջինը ես եմ գալու դեպի քեզ:

 

  Այս կարգի տասնյակ ձևակերպումները Հակոբյանի պոեզիայի  համար սոսկ սահմանումներ չեն, այլ բնագրաստեղծ գործոններ, որոնք և° բանաստեղծական տարածություն են գոյավորում, և° ընկալման մեկնակետեր պարունակում: Ու բոլորովին պատահական չէ, որ նրա բանաստեղծություններում սկսեց գերակշռել այսպես կոչված` պարադոքսի գեղագիտությունը: Այդ կերպ` առարկայորեն վկայագրվում են նորացման և° բարդությունները, և° ստեղծաբանական հաճույքը: Պարադոքսի գեղագիտությամբ Հակոբյանը նախևառաջ ձգտում է իրերն ու երևույթները ազատագրել  ավանդական կաղապարներից, նա ժխտում է դրանց իրական իմաստներն ու նշանակությունները` հանուն իրական իմաստի ու նշանակության ճիշտ ընկալման: Ինչ-որ բանի մշտական ներկայությունը ժամանակի ընթացքում այն դարձնում է անտեսանելի: Ճիշտ այդպես` իրերի ու երևույթների նույնական ընկալումը ժամանակի ընթացքում սպանում է դրանց ինքնատիպությունը: Դա վերադարձնելու համար պետք է ժխտել հենց այն հատկանիշը, որն ամենաբնորոշն է.

 

Եթե աչքով էլ տեսնես վարդը, 

մի խաբվիր, վարդ չէ, սիրելիս, 

երկինքը չվել է աշնան հավքերի հետ, 

կապույտը թռել է տաք եզերքներ,

քաշիր ձյունեղեն սավանները 

և կտեսնես, որ տեղում չէ և ոչ մի լեռ,

ոտից գլուխ քեզ չափիր, տես այդ 

դու՞ ես, թե՞ աղջիկն է հարևանի…

 

  Մյուս կողմից` պարադոքսների առատ կիրառությունը բերում է հակադրությունների յուրօրինակ հաշտեցման, որի շնորհիվ Հակոբյանի պոեզիան դառնում է խաղաղության ու ներդաշնակության յուրօրինակ քարոզ.

 

Ծառ,

արի ինձ վառեմ, դու

մի քիչ տաքացիր:

 

   Կարելի է վստահորեն ասել, որ հենց պարադոքսի գեղագիտության որդեգրումն էր, որ Հակոբյանի պոեզիայում ապահովեց մի համատեքստ, որտեղ կա նոր ժամանակների պոեզիային այնքան բնորոշ հրապարակախոսական տարերքը, սակայն առանց երևույթների գռեհկացման ու անհարկի շեփորումների, կա մեր դժվար ժամանակների վայրիվերումների բանաստեղծումը, որտեղ, սակայն, բացակայում են հնացող ու հնացած ընդհանրացումները, կա նուրբ քնարականություն, որը համադիր է էպիկական գեղաձևումներին, կան պատկերային անակնկալ լուծումներ, բայց առանց օրիգինալության ու զարմացնելու մարմաջի, արդի  մարդու տագնապներ, բայց առանց սեռաբանական ճղճիմ տվայտանքների, սիրերգություն, որտեղ աստվածաշնչյան ՙԵրգ երգոցի՚ սրբազան ձգտումն ու կիրքն են թագավորում, աֆորիստիկ մտածողություն, որ չի տանում մտային խճողումների… 

Այսինքն` սա փորձ ունեցող, ճանապարհ անցած և ճանապարհներին իմաստնացած բանաստեղծի պոեզիա է, որին չեն գայթակղում անպայման աչքի ընկնելու ժամանակավոր հնարանքներն ու միջոցները. նա ի սկզբանե ձերբազատված է այն բաներից, որոնցից բոլորն են հետագայում ձերբազատվում` փորձառություն ձեռք բերելուն զուգահեռ: Ուստի` Հակոբյանի պոեզիան ճանապարհ պարագրկող ու ճանապարհ բացող պոեզիա է, իսկ նրա ջանքը արդի բանաստեղծության զարգացման պարագծում` գնահատելի:

 

 

***

 

Բանաստեղծություններն այս ժողովածուում դասավորված են ոչ ժամանակագրական կարգով, և դա այն պատճառով, որ իր լավագույն գործերով Վարդան Հակոբյանը ստեղծել է մի այնպիսի համատեքստ, որտեղ հին ու նոր չկա, այլ կա բանաստեղծական ինքնատիպ մի տուն, որտեղ ամեն մի ստեղծագործություն տանտեր է և առավելություն չունի մյուսի նկատմամբ: Կարծում եմ` այսպիսին պետք է լինի ՀԱՏԸՆՏԻՐԻ համատեքստն ընդհանրապես` հավասարազոր բանաստեղծություններ, որոնք միտված են ավելի շատ իրար լրացնելուն, քան միմյանց հակադրվելուն: Մյուս կողմից` այս հատընտիրում ի°մ Վարդան Հակոբյանն է, ի°մ ընկալած ու դավանած արժեքայնության մեջ, որտեղ նույնպես հին ու նոր չկա և որտեղ թագավորում է իսկական բանաստեղծությունը:

 

 

Արտատպված է Ազատ արցախ պարբերականից

www.artsakhtert.com

10.02.2011