Վարդան Հակոբյանի պաշտոնական կայքը Գրող, բանասիրական գիտությունների դոկտոր:

Նորություններ

Փոխզիջումների մասին խոսք անգամ լինել չի կարող

Վարդան Հակոբյան. «Արցախի ազատագրված տարածքները սահմանադրական օրենքներով են պատկանում ԼՂՀ-ին, և փոխզիջումների մասին խոսք անգամ լինել չի կարող»

-Բանակցությունները և դիվանագիտական հարաբերությունները հարկավոր են, սակայն ես  չեմ ուզում, որ դա կատարվի ո՛չ Արցախի հաշվին, ո՛չ էլ հայ ժողովրդի վրա այլ հարցերով ճնշման հաշվին։ Ես չեմ վստահում թուրքերին։ Թուրքիան է փակել սահմանը և միջազգային ճնշման տակ պիտի բացի այն։ Բայց մի խնդիր էլ կա. Թուրքիայի հետ սահմանների բացում կոչվածն իսկապե՞ս բացելու է մեզ համար սահման, թե՞ նոր դագանակ պիտի դառնա Թուրքիայի ձեռքին,  որ ցանկացած ժամանակ փակի և ասի՝ ա՛յս արեք կամ ա՛յն արեք,- «7օր»-ի հետ զրույցում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ասել է Արցախի գրողների միության նախագահՎարդան Հակոբյանը։

Նա նշել է, որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին այդքան շատ ուշադրություն դարձնելը սխալ է, որովհետև «մենք կարող ենք սթափ լինել և կանգնեցնել այս ողջ գործընթացը»։

Այն հարցին, թե ինչպիսին են ԼՂՀ-ում հասարակական տրամադրությունները՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, Վարդան Հակոբյանը պատասխանել է. «Ղարաբաղը գտնում է, որ Ղարաբաղի հարցը լուծվել է արյամբ, լուծվել է մեծ զոհերի գնով, և հետադարձ չկա։ Արցախի ազատագրված տարածքները սահմանադրական օրենքներով են պատկանում ԼՂՀ-ին, և փոխզիջումների մասին խոսք անգամ լինել չի կարող»։

Նրա խոսքերով՝ ղարաբաղցու հետ ամենադժվար բանը  տարածքներ տալու մասին խոսելն է,  և ինքն անձամբ էլ  բացասական է վերաբերվում տարածքներ հանձնելուն։

-Դրանք հին պատմական հայկական հողեր են, և եթե մենք վերադրաձնում ենք, հարց է առաջանում՝ ինչի՞ համար էր այս պատերազմը։ Այն անկախության ոգու, լինելության համար էր, բայց որքանո՞վ մենք  մեր լինելությանը տեր կկանգնենք, եթե ասենք, թե տարածքները պիտի վերադրաձնենք։ Ես հավատում եմ ՀՀ նախագահին, նրան անձամբ գիտեմ. մենք եղել ենք զինակիցներ այս խնդրում, ես նրան 100 % վստահում եմ, սակայն գտնում եմ, որ տարածքներ չպետք է վերադրաձվեն։ Չգիտեմ, գուցե ես վա՞տ քաղաքական գործիչ եմ, բայց դեմ եմ,-ասել է Վարդան Հակոբյանը։

7or.am

Հարցազրույցն արտատպված է 7or.am կայքից

Սեպտեմբեր 25, 2009