Վարդան Հակոբյանի պաշտոնական կայքը Գրող, բանասիրական գիտությունների դոկտոր:

Ակնարկներ

ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

(Վտա՞նգ, թե՞ հնարավորություն պոետական արվեստի համար)

Տիեզերական շարժման առանցքը բանաստեղծությունն է, որով աշխարհում պայմանավորվում է ամեն-ամեն ինչ: Եվ սակայն այսօր` 21-րդ դարի շեմին, դեռ չենք հասել պոետական այն խոսքին, որի համար ծնվել է մարդը: Հետեւապես մեծ որոնումը` սկսած  Միջերկրականի ափերին արված ժայռափոր առաջին գծից, մինչեւ Նինվեի կավե սալիկներով գրքերն ու համացանցային արդի գրադարանները, ներառյալ` իմ հայրենի Արցախի Ազոխյան քարանձավները, շարունակում է նոր եւ բազմազան ձեւեր ընդունել: Նրանցից մեկն էլ համացանցն է: Եվ դա բնական է ու օրինաչափ, քանի որ խոսքի գրադացիան ոչ միայն ժամանակային ու աշխարհագրական նոր տարածքներ է ընդգրկում իր մեջ, այլեւ զգալիորեն մեծացնում է համաշխարհային հետաքրքրությունը երեւույթի նկատմամբ` նպաստելով միջազգային հասարակության ձեւավորմանը: 

Ավելին, համացանցով մոլորակի բոլոր ծագերը դառնում են առավել մատչելի մարդու համար: Եվ, որ պակաս կարեւոր չէ` հասանելի: Վերջապես համացանցը միավորում է մարդկանց, մերձության աղերսներ գտնում նրանց գաղափարների, մտածումի ու տեսակների մեջ` որքան էլ դրանք լինեն հակասական ու հաճախ` իրարամերժ: Այսինքն, սմարտֆոնները, սոցիալական կայքերը, ինքն` ամբողջական համացանցը, դարձել են համաշխարհային այն «ժողովարանները» (բառի ոչ ուղղակի իմաստով), որտեղ ամենքը կարող են հանդիպել ամենքին: Սա նշանակում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները կամավոր ստանձնել են անսպառ գործառույթների իրականացման մի այնպիսի բարձր պատասխանատվություն, որն, էն գլխից, պոեզիայի կոչումներից մեկն է: Ընդամենը` մեկը: 

Համացանցը վերածվել է աննախադեպ քաղաքակրթության` միջազգային ասպարեզում, որը եւ շարունակում է ժողովուրդների միջեւ մշակել հարաբերությունների այնպիսի համակարգ, որը մարդկությանը հուզող հարցերի ու հիմնախնդիրների կծիկը փորձում է, գուցե դեռ` ինչ որ չափով միամտաբար, տեսանելի դարձնել` ինչպես ափի մեջ: Պոեզիայի արտահայտչականության ամենակատարելագործված միջոցներից է համացանցը, ուղղակի` ժամանակակից մետաֆոր, որը աճող սերնդի դարերով կուտակված տեղեկատվական սովին փորձում է հագուրդ տալ` ստեղծելով հանուրի համար իմացաբանական, գիտական, փիլիսոփայական մի դաշտ` կենսակերպերի որոշակի մերձեցման ներքին անհամաձայնություններով: Սակայն այս ամենը դեռեւս չի փաստում, թե այֆոնների, համակարգիչների, սենսորային հեռուստացույցների մեր դարաշրջանը, ի վերջո, լուծման է տանում գլխավորը: Միամտություն կլիներ այդպես կարծել: Ինչ վերաբերվում է պոեզիային, պիտի նշենք, որ այն դեռեւս իր արժանի տեղը չունի համացանցում, ավելի ճիշտ` ներկայացված չէ ըստ մարդկության կողմից դժվարին ընթացքի մեջ նվաճված այն որակներով, որոնք թերեւս մեզ հանգեցրել են համացանցի նախագաղափարին ու գաղափարին: 

Պոեզիայի անվերջանալի-անսպառելի «ներկայությունը» համացանցում (դրան գումարած նաեւ բազմապիսի նյութերը), հիշեցնում են համաշխարհային ջրհեղեղը, որից, բարեբախտաբար, ոչ միայն աշխարհը չկործանվեց, այլ Նոյյան տապան-փրկանավի միջոցով` հայոց Արարատ լեռան շուրջ, սկզբնավորվեց նոր կյանք:

Համացանցի նախամոդելը ձեւավորվել է բառի մեջ: Համացանցը փրկարար այն բարձունք գագաթն է` տիեզերական շարժման կենտրոնում, որ հնարավորություն է տալիս տարբեր աշխարհամասերում ապրող մարդկանց հեռվից-հեռու տեսնել ու լսել իրար, հաղորդակցվել: Իսկ դա վկայում է, որ պոեզիայի գործառնական նշանակության բարձրացման մի հզոր միջոց եւս ձեռք բերեցինք: Ես կարող եմ կանգնել իմ ծննդավայրում` կտոր հողի վրա, անշուշտ, կոդավորված հոգեկերտվածքի իմ բջիջներով, եւ տեսնել երիտասարդ Բայրոնի անթարգմանելի հայացքը`  երբ նրա  մորը տանում էին հողում ամփոփելու, դիտել ու ամբողջության մեջ ապրել այն ժողովրդական ծեսը, ըստ որի մակեդոնական արքաներին ամուսնացնում են հատուկ կարգով, այսինքն` սրի հատու հարվածով կտրված հացի մի պատառը հարսն է վերցնում, մյուսը` փեսան... Եվ արարողությունը համարվում է ընդունելի, ինչպես հայերիս մոտ` մատաղը, որով մենք Աստծուն զոհ ենք մատուցում: (Մեր նախապապը` Նոյ Նահապետը, առաջին զոհը` թռչնամիս, Աստծուն մատուցել է Բիբլիական Արարատի լանջին, ուր եւ մինչեւ հիմա պահվում է քարե զոհասեղանը): Այնպես, որ համացանցը ոչ միայն չի խլացնում մաքուր արվեստի, «բնական եւ բացարձակ պոետական» խոսքի ձայնը, այլ մեծապես նպաստում է նրա կայացմանը, նորարարական ոգու ծաղկմանը. չէ՞ որ գիտությունը եւ պոեզիան փոխադարձաբար լրացնում են իրար, ինչպես թռչնի երկու թեւեր:

Գրքի ու գիտության տարածմանը մեծապես նպաստում է համացանցը, պոեզիան ավելի է մասայականացնում եւ, որ գլխովորն է, մարդուն տանում է դեպի մարդը, զարգանալով հակադրամիասնության երկու ուղղություններով, արմատներով` դեպի ավանդականն ու պատմականը, սաղարթներով` նորն ու ժամանակակիցը: Երկու բեւեռներն էլ աջնորդվում են անհայտի հմայք ու հրաշքով: Համացանցը եւ գիրքը մրցակից լինել չեն կարող: Նույնիսկ անընդունելի եմ համարում հարցի նման դրվածքը: Տառի մեջ, երբ մեր նախնիներն այն գրում էին քարի կամ ժայռի վրա, բրչով գրողի բնավորությունը անցնում էր գրին, փոխանցվում էր եւ բրիչ բռնող ձեռքի շարժման փիլիսոփայությունը, տագնապը հոգու, մի էական գործոն, որ համացանցի դեպքում անիրագործելի է: Որքան էլ համացանցում հնարավոր լինի մոնտաժների միջոցով վերակենդանացնել, օրինակ, Իլյա Ռեպինի գլուխգործոցներից մեկը, ասենք` «Զապորոժցիները», միեւնույն է ոգու ներկայությունը, որն ապահովվում է նրա աջի մեջ, բացակայում է... 

Վերջապես պոեզիան շունչ է, որը չի կարող էկրանի վրա հատիկ աճեցնել` ինչպես հողում: Վերջապես գիրքը ընթերցվում է ոչ միայն աչոք, այլ նաեւ... ձեռոք: Վերջապես դաշտի միջով անցնող փակ խողովակում քչքչացող ջուրը չի կարող նրա վրա թեքված ծաղկի ծարավը կոտրել: Վերջապես մեղուն նեկտար չի կարող առնել էկրանի վրա փթթող ծաղկից` որքան էլ այն լինի անկրկնելի:

Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն» պոեմը (X դար), որը համաշխարհային գրականության մնայուն կոթողներից է եւ գրվել է Արեւմտյան Հայաստանի Նարեկավանքում, ժողովրդի կողմից նոր անուն է ստացել` «Նարեկա սուրբ գիրք»: Այն ոչ միայն տարածվել է տպագիր ձեւով (գրատպությունը մեզ մոտ սկզբնավորվել է ուղիղ 500 տարի առաջ), այլ ձեռագիր զարդաքանդակներով: Մեր գրիչներն այդ գործը ծաղկել են մագաղաթյա թղթերի վրա, ձեռքից ձեռք է անցել ընթերցվելով: Եվ ահա 1915թ. հայկական մեծ եղեռնի ժամանակ, Դեր-Զորի անապատներում պոեմը գտել են մի զոհված քաջորդու ծոցի մեջ` քերթվածքի ամեն տողը ներծծված արյամբ: Երեւանի մեր Մատենամրոցում այցելուները սրբացած ու համացանցում «գրացվող»  նման շատ գրքերի կարող են հանդիպել, որոնց վրա սերունդները ձեռք են դնում եւ երդվում: Ծիծաղելի կթվա, եթե մտածենք, թե նման հնարավորություն, նաեւ դաստիարակչական առումով, կարող է ընձեռնել համակարգիչը: Մի գիրքը, ինչպես իրավացիորեն նշել է  վիպասան Րաֆֆին, կորող է մի ազգ փրկել: Եվ այդ հետեւությունը գեղագետն արել է ելնելով կոնկրետ պատմությունից ու իրականությունից: Մի՞թե հնարավոր է չափել, թե որքան մեծ է հենց նույն Րաֆֆու («Խենթը», «Կայծեր» եւ այլն) գեղարվեստական երկերի կիրառական նշանակությունը մեր ժողովրդի կյանքում: 

Համացանցը պոեզիայի կայացմանը նպաստում է այնքանով, որքանով հակասում է նրա բնականությանը, եւ չի նպաստում այնքանով, որքանով չի հակասում: Թող պարադոքսալ չթվա: Հենց հակասականության մեջ է, որ պոեզիայի սաղմը ծլում է: Սերը սեր է իրականության մեջ, էկրանային սիրուց կամ բջջահեռախոսային սեքս-հարաբերությունից երեխա չի ծնվում: Իմ Խաչի պապի տասնհինգ օրում մանգաղով հնձած արտը (սքանչելի պոետ Համո Սահյանը կասեր` «Ձեռքի մեջ մանգաղի դաստակը ցավել է»), ինտեռնետային մի խաղում հինգ րոպեի մեջ «հնձում, կալսում, ջաղաց է տանում» թոռս... Բայց նրա աղած «ալյուրից» մի կտոր հաց չի թխվում... Սակայն, այնուհանդերձ, համացանցը մեծագույն նվաճում է եւ էկրանային մշակույթն, ինչպես ասում են, ոչ միայն չի նվազեցնում գրքի ու պոեզիայի դերը, այլեւ նպաստում է նրանց ունիկալության մեծավորմանը:

Էկրանը, որպես տեղեկատվական միջոց, անշուշտ, ստեղծագործական նվիրումների կարող է տանել գեղագետին: Այն անփոխարինելի է, մանավանդ, գրական երկերում ծավալվող հարաբերությունների կենդանացման առումով` ռեժիսորական ամենատարբեր մեկնու¬թյուններով, դերասանական ինքնատիպ խաղալուծում¬ներով:Այստեղ խիստ կարեւոր է հեռահաղորդակցությունն ու «կենդանի» շփումը ստեղծագործ անհատների միջեւ, թարգմանական գործունեության ծավալումը, փոխհամագործակցությունները, պոեզիայի զարգացման արդի միտումների ուսումնասիրությունները եւ այլն, եւ այլն: 

Բառն ինքը համացանց է, որի մեջ կարող ենք տեսնել կենդանի պատկերը ոչ թե Ուիթմենի կամ Ռիլկեի-, այլ նաեւ նրանց մտքի սլացքն ու սրտի տագնապը. համացանցը զգալիորեն նեղացնելով մեր երեւակայության ներքին ու արտաքին սահմանները, միաժամանակ դրանք ընդլայնում է այլ տարածքների մեջ` թող վիճարկելի ու ոչ ամբողջական: 

Յուրաքանչյուր հաղորդակցություն պոեզիա է բերում: Մեղուն մետաֆորի իմ տարրերից է, եւ ես ուզում եմ շեշտել, որ այն նեկտար է վերցնում ոչ միայն ծաղկից, այլ նաեւ քարից, երկաթից, անգամ էկրանից, սակայն, ինչպես վերը նշեցի` ոչ էկրանի ծաղկից: Բայց նեկտար էլ կա, նեկտար էլ: Իսկ մեղուն երեւույթների դիֆերենցումների դաշտում անսխալական է:

Արվեստն ինքը հաղորդակցության անփոխարինելի  ձեւ է: Թե որքանով կարող են «հաղորդակցման նոր տիպերն արվեստի մաս լինել», դա արդեն անհատի ու նրա տաղանդի հնարավորության գործն է: Բայց որ հաղորդակցության ժամանակակից միջոցները, տեխնոլոգիաները նպաստում են պոետական արվեստի զարգացմանը, դա փաստ է: Միտքը մեծապես ազդում է ֆիզիկականի վրա: Եվ` բազմաթիվ միջոցներով: Դրանցից մեկը մտքի տրամաբանությունն է, մեկը` մտքի տրամադրականությունը, մեկը` մտքի առարկայական կիրառումը... Եթե ընդունենք այս ճշմարտությունը, որ, իրոք,  խոսքը, մանավանդ` պոետական (ինչպես նաեւ երաժշտությունը, կերպարվեստը) ազդում են մարդու ոչ միայն հոգեւոր, այլ նաեւ ֆիզիկական դաստիարակության վրա, ապա պարզ կդառնա, թե պոեզիան ու համացանցը, ցանկության դեպքում, ինչպես կարող են տիեզերական նոր մարդու կերպար ձեւավորել` հենվելով «արմատի ու սաղարթի», ինչպես նեւ հողի ու երկնքի վրա: Այս պարագայում արդեն համացանցը պոեզիայի (գրականության) համար դառնում է խիստ պահանջված, որովհետեւ նրա նյութի ու գույնի պաշարներն արդեն մեծանում են այնքանով, որքանով ամբողջ տիեզերքը մատչելի է դառնում նրա ներքին աչքին: Ինչ-որ չափով աչքին կարողանում են փոխարինելու գալ արդի տեխնոլոգիաները: Ինչ որ չափով, որովհետեւ ներքին աչքն իր մեջ պարունակում է ոչ միայն այսօրվա, այլ նաեւ վաղվա ու վաղը չէ մյուս օրվա (այսպես` անվերջ) տեխնոլոգիական հայտնությունները:

Այո, պոեզիան եւ էկրանը չեն մրցակցում, պարզապես էկրանը լրացնում է պոեզիային: Չէ որ էկրանն առանց պոեզիայի դադարում է լիարժեքությունից, պոեզիան էլ իր հերթին իր ներքին էկրանն է զարգացնում: Գրիչը եւ համացանցը կամուրջներ են, որոնք անսահման աշխարհի սահմանները ջնջելով են հաստատում իրենց: Իսկ ինչ վերաբերում է պոեզիայի գործառույթին` որպես «նուրբ հաղորդակցման թագուհի», նման ձեւակերպման հետ ուզում եմ չհամաձայնել: Նախ` այն պատճառով, որ թագուհիները վաղուց արդեն ճեղքել են ավանդական «նուրբը», բառի ամենադրական իմաստներով, ապա` իմ ժողովրդի պատմությունն այնպիսինն է եղել, ցավոք, որ մեր թագուհիներն իրենց շքեղ զգեստների տակ մշտապես սուր են կրել, քանի որ երկիրը միշտ շրջապատված է եղել թշնամիներով եւ ամեն վայրկյան թագուհին պարտավոր էր թագավորի ոչ միայն զուգընկերը, այլ նաեւ զինակիցը լինել: Այնպես որ, պոեզիան իր մեջ կրում է իրականությունը` առանց զարդերի:

Հաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաները կոչված են ծառայելու նաեւ պոեզիայի ֆունկցիոնալ  դերակատարության բարձրացմանը. ահա թե ինչու գիրք ծաղկելուց մինչեւ գուտենբերգյան, ապա էլեկտրոնային տպագրություններ, ամեն-ամեն ինչ բարերար ազդեցություն է թողնում գրքի ֆենոմենալ հատկանիշների առավել ընդգծելիությանն ու անկրկնելիությանը: Ինչպես կարելի էր բավարարվել, ասենք, իմ` ձեր «համեստ ծառայի», համացանցով ուղարկած նկարով, նրա էլեկտրոնային փոստով ստացված բանաստեղծություններով, եթե նա չներկայանա Մակեդոնիա` անձամբ, իր պոեզիայով, չքայլի հերոսական այդ երկրում, չկանգնի մի ծիրանի ծառի մոտ ու չբարեւի, մայրենի լեզվով բանաստեղծություն չկարդա նրա համար` որպես հայրենակցի, ծիրանի ծառին, որի կորիզները մեծն Ալեքսանդր Մակեդոնացին առաջինն է Հայաստանից Եվրոպա հանել, բերել նաեւ երկիրն իր, հողին հանձնել, Armeniaca բացականչելով`  նոր անուն պարգեւել հայոց արեւահամ այդ պտղին: 

Համացանցն անսահմանափակ  առարկաների ուսուցման դպրոց է: Իսկ դա արդեն հզոր բան է: Իսկ «Կրթությունը դա այն է,- ասում է Ա. Էյնշտեյնը, - ինչ մնում է այն բանից հետո, երբ մոռանում ես այն ամենը, ինչը սովորեցրել են դպրոցում»: Ահա անառարկելի չափանիշ, որով կարող ենք «ծանր ու թեթեւ» անել մեր արվեստն ընդհանրապես, պոեզիան` մասնավորապես: Եվ կյանքը: