Ակնարկներ
Երկու խոսք` «Գրանիշի» անդրանիկ համարի առիթով
Ասելիքիս ամբողջականությունը չկորցնելու համար ուզում եմ այն «կիսատել» ու մեջբերել մեղուների մասին հիշողությանս մեջ մնացած մի ալեգորիկ պատկեր: Իրողությունն այս է` մեղուներն իրենց համար մայր են ստեղծում, որ նրանից «ծնունդ» առնեն… Ուզում եմ ասել` ձեր ու մեղուների միջև ես արարչական աղերսներ եմ տեսնու՜մ, քանզի, ինչպես գիտեք, յուրաքանչյուր նոր (բառի լիակատար իմաստով) սերունդ ստեղծում է իր ժամանակը` դառնալով նրա խենթ, իմաստուն ու ծուռ զավակը, այլապես դարի սրընթաց «կառքը» ճռռալով կանգ կառներ անդունդի եզրին, իհարկե, բառի ոչ սելինջերյան իմաստով: Կանգ կառներ, քանի որ մարդը հոգնել է կաղապարներից, օրենքներից, սխեմաներից, քրքրամաշ ոճերից, սահմաններից, ձևերից ու հնոտիացած այն ամենից, ինչից արդեն սրտխառնուք ենք զգում, քանի որ դրանք, ի վերջո, դառնում են շղթաներ (մարդը շղթա է հորինել, որ ինքն իրեն խաբի «ազատությամբ»): Մեր իրականությունում, առանց չափազանցության, կարծրատիպերի ջարդ է սկսվել «Գրանիշ»-ով: «Գրանիշ»-ի տղաները ժամանակի մտածողության մեջ գեղարվեստական հեղափոխություն են նշանավորում իրենց գործերով: Եվ ամենակարևորը` ՈՐՈՆՈՒՄԸ նրանք վերադարձնում են Մարդուն, նրան, ով չի կարող առանց ինքնահակադրման հասնել ներքին ներդաշնակության, գոնե` մի թիզ, գոնե` մի քայլաչափ: Տիեզերքում ամեն մեկն ունի իր եզակի և անշփոթելի կետը, բնահողային կետը, որի վրա ինքը ինքն է, որի վրա Ջոյսը Ջոյսն է, Թումանյանը Թումանյանն է, Հովհաննես Գրիգորյանը Հովհաննես Գրիգորյանն է, Ուիթմենն Ուիթմենն է, Կարեն Անտաշյանը Կարեն Անտաշյանն է, Արամ Պաչյանը Արամ Պաչյանն է, Գրիգոր Պըլտյանը` Գրիգոր Պըլտյան… «Գրանիշն» Աստծով սահմանված իր կետի վրա է: Կարդալով այն, ես իմ ոտքի տակ շոշափելիորեն զգում եմ միմիայն ինձ պատկանող կետ-տարածքը, որը կրում է իմ բջիջների, իմ մարմնի և հոգու, իմ էության ներքին կոդը: Ի վերուստ տրված: Ես կարծում եմ, ամեն մի ընթերցող (խոսքը մեծ ընթերցողների մասին է, ես ինձ այդպիսին եմ համարում, ներեցեք) մասնակից է դառնում հեղինակի հետ նրա ստեղծագործական աշխատանքին: Թեև, չի բացառվում, հեղինակը և ընթերցողը կարող են բոլորովին տարբեր բևեռներում հայտնվել` հակադիր սկզբունքներով ու մտորումներով, և դրանից գիրքը միայն շահում է: Գրողը վերջացնելով իր գործը` ամենևին էլ չի վերջացնում, այն շարունակում է զարգացնել ընթերցողը: Աստծո մեծագույն արարչագործությունը` մարդը, այդպես ինքնաարարման մեջ է անվերջ, որովհետև կատարելությունը անհասանելի է: Ես հիմա ձեր ընթերցողն եմ և դրա համար երախտագետ եմ «Գրանիշ»-ին, բոլորիդ: Մեր վերջին տարիների քաղաքական, սոցիալական, տնտեսական, գրական, մշակութային կատակլիզմների համապատկերում գրական-հասարակական մեծ ու անսովոր առաջընթացի խթան է այն գործը, որ անում է հանդեսը: Եվ ձեր խոսքը, համոզված եմ, գնում է այն ուղղությամբ, ինչ ուղղությամբ հոսել ու հոսում է մեր զոհյալների արյունը: Մեր ինքնության, մեր ազատության, մեր անկախության պատերազմը մեկն է, ուր սուրը գրիչ է, գրիչը` սուր, դպիրը` զինվոր, զինվորը` գրող... Մենք այս ժողովուրդն ենք: Սովամահ է լինում և, ի վերջո, պարտվում միայն այն ժողովուրդը, որը վառ ու նվիրյալ անհատներ չունի: (Ի դեպ, չմոռանանք, որ ժողովրդավարությանն ու քաղաքակրթության առաջին կերտողներն աշխարհում եղել են արվեստի մարդիկ, ԲԱՆ ստեղծողները): Հասարակությունը սովորաբար սնվում է (սա բոլոր ժամանակների օրինաչափությունն է, ամենավերջին վկան` Հրանտ Մաթևոսյանը) անհատներով, որոնք միշտ չէ, որ ժամանակի քիմքին հաճելի են լինում: Նման անհատներն իրենք են առաջարկում` ինքնազոհ, ինքնամատույց. «Ահա իմ մարմինը, վերցրեք և կերեք»: Ես ողջունում եմ ձեր սխրանքը, տղաներ: Մաղթում եմ, որ միշտ անընկճելի ու անկոտրելի լինեք, լինեք եզակիի ու մենության ձեր կետի վրա` կոդավորված ձեղանով: Դուք հիմա հայտնվել եք կրակի ամենաառաջին գծում: Եվ ակամայից ես հիշում եմ Օկտավիո Պասի խոսքը. «Նրան, ով կխիզախի հաղթահարել բառի երերուն և փշաքաղված բերդապատնեշը, ես կհամեմատեի սերմնահատիկի հետ: Նրանում ննջում է ապագան: Հարյուրամյակներ անց նրանց մթությունը վերածվում է լուսակիրության: Նրանց ներգործությունը գրվանի տակ է, բայց խորը, նրանք, ըստ իս, ոչ այնքան բանաստեղծությունների հեղինակներ են, որքան գալիք հեղինակների ստեղծողներ և արարողներ...»: Ինձ մեծապես հուզել է Արամ Պաչյանի վեպից բերված փոքրիկ հատվածը` («Երազանք») անսովոր պատկերային համակարգով, խտացված մտքի խորությամբ, նուրբ դիտողականությամբ ու զգացումի հստակ, անաղարտ մաքրությամբ. «Երբ քամու կարճ հոսանք էր անցնում, թռչունը կկոցում էր աչքերն ու կրկին անշարժանում: Ավագը նույնկերպ կկոցում էր իր աչքերը: Հետո ժամանակ առ ժամանակ շրջվում էր, ուղիղ նայում նրան, բայց թռչունն ընդհանրապես ուշադրություն չէր դարձնում, թեպետ չէր էլ արհամարհում: Կուրծքը քամուց ավելի էր փքվում, փետուրները սոսափում էին, փոխում երանգները: Ավագը զգում էր` թռչունին հոգու խորքում դուր էր գալիս իր ներկայությունը, չնայած այն բանին, որ ողջ էությունը ամփոփել էր հեռուներում թափառող հայացքի մեջ»: Անվերջ անակնկալներ է մատուցում Կարեն Անտաշյանը, մտիր Անտաշատ և տիեզերական հայտնություններ են ամեն քայլի: Շատ հավանեցի Հրաչյա Սարիբեկյանի գրիչը: Գրիգոր Պըլտյանը թարմ խոսք է բերում... «Դաժանորեն» անկեղծ է Եղիշի Մարինեն... Լույսի պես անկշռելի ու խորն են Արքմենիկ Նիկողոսյանի յուրաքանչյուր խոսքը, դիտարկումը: «Լեզվական իրացումներն արդի հայ պոեզիայում» հոդվածում գիտական-փիլիսոփայական հետաքրքիր պեղումներ է անում մեր այնքան սիրելի Հասմիկ Հակոբյանը: Աշոտ Գաբրիելյանի ստանձնած առաքելությունը հույժ ողջունելի է. Ռուբոկո Սյոն բալենու ծաղիկներ է ցողում մեր սրտին... Մի խոսքով` մեր գոյը հավաստող ու հաստատող (նաև` համաշխարհային իրականությունից) գործեր («ոչ ոք կվկայե չգոյեն»): Իմ խոսքում ես խնդիր չեմ դրել անդրադառնալու «Գրանիշ»-ի բոլոր գործերին, ձեռքբերումներին ու բացթողումներին, գլխավորն այն է, որ հենց առաջին «բեմելուց» հանդեսը դիմագիծ ու դեմք է ներկայացնում, բնավորություն ու մտածողական համակարգ, ինքնատիպ ոճ, իր հետ ճանապարհ է բերում: Պատվաբեր, ծանր, գեղեցիկ ու տառապալից գործ եք ձեռնարկել, տղաներ, խոստովանենք, բայց... «թեթեւ էր արվեստն իր` խնդում»: Զորություն ձեր գրչին ու գրին, անխոտոր ընթացք` «Գրանիշ»-ին, նորանոր հանդիպումների սեր ու սպասում` ընթերցողներին:
Հ.Գ. Կարծում եմ, «Գրանիշն» իր ընթերցողները կունենա նաև Արցախում: Եվ առաջիկայում դեռ ջոյսյան, պաչյանական, գրանիշյան շնորհանդեսներ, բազմաթիվ այլ միջոցառումներ են սպասվում Հայոց Արևելից Աշխարհում` Գանձասարի սուրբ հովանու ներքո:
Միշտ ձեր` Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ
Աշոտ Գաբրիելյանին
Արքմենիկ Նիկողոսյանին
Կարեն Անտաշյանին
Հասմիկ Հակոբյանին
Արամ Պաչյանին
Ստեփանակերտ
20.03.2011թ.