Անդրադարձներ
Չեղծված գիրն է աշխարհի փրկությունը
- Ե՞րբ ստեղծվեց ԼՂՀ գրողների միությունը: Ո՞վքեր էին առաջին գրողները, ո՞վքեր համալրեցին միության շարքերը:
- Հարցն ուղղակի ինձ տանում է Լեոյի բնորոշմանը` «Արցախի ժողովուրդը բանաստեղծ է»: Չենք կարող չհամաձայնել մեծ մտածողի այս դիտարկման հետ, թեև մեր եզերքը, մշտապես լինելով խաչվող սրերի կենտրոնում, հայտնի է առաջին հերթին որպես անվանի զորականների օրրան: Իսկ գուցե ժողովրդի հենց բանաստեղծականության մեջ պիտի փնտրել նաև զինական ուժի արտահայտությունը, մանավանդ, որ սուրն ու գրիչը համատեղվել են միշտ: Այդ մասին են վկայում վաղնջական ժամանակների ոսկյա փոշին իրենց ոտքերին այսօր էլ կրող ամրակուռ, պինդ, անկոտրելի ու անհաղթելի արցախցիները, որոնք պատմության դաժան ու դժնի ժամանակներում կարողացել են միշտ անխոտոր պահել իրենց կամքը` ոչ մի վայրկյան ձեռքից չտալով իրենց պետականությունը, թող որ` թեկուզ մելիքությունների ձևով:
Հայոց Արևելից այս աշխարհում են թրծվել Դավթակ Քերթողի, Մովսես Կաղանկատվացու, Կիրակոս Գանձակեցու, Համամ Արևելցու և մեր բազում այլ երևելի այրերի պատմական, գեղարվեստական երկերը, մինչև հետագա ժամանակները, մինչև Լեո, Աշոտ Հովհաննիսյան, Մուրացան, Գրիգոր Ներսիսյան, Բագրատ Ուլուբաբյան ու Բոգդան Ջանյան, մինչև Գուրգեն Գաբրիելյան ու Հրաչյա Բեգլարյան, մինչև Արցախյան մերօրյա գոյամարտի զորականները, գրչի ու սրի զինվորները: Ես, անշուշտ, գրիչն ու սուրը մի հարթության վրա եմ դիտում ոչ թե գեղեցկախոսական դրդումով, որից խոստովանեմ չափազանց հեռու եմ, այլ նրա համար, որ Արցախի գրողը դարեր շարունակ ստիպված է եղել նախ լինել մարտիկ և ապա` գրող: Սա մեր աստվածատուր նկարագիրն է. քայլեք մեր լեռ ու դաշտերով, տեսեք մեր վանքերն ու եկեղեցիները, հազար անգամ ավերված, բայց և հավերժ շեն ու նորոգ մեր օջախները և անպայման կհամոզվեք ասվածի ճշմարտության մեջ:
Ինչ վերաբերում է ԼՂՀ գրողների միության ստեղծման ժամանակին, ապա դա դիտվում է 1934 թվականը, թեև անցյալ դարի 20-ական թվականներից Արցախում գործում էր երիտասարդ գրողների գրական ասոցացիա, որը ստեղծել էր անվանի բանաստեղծ ու գործիչ Գրիգոր Ներսիսյանը: Ի դեպ, նա էլ դարձավ գրական կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարը: Եվ ահա ազերաթուրքական գաղափարաբանության տրուբադուրները հայոց աշխարհի բոլոր ծագերում եղեռն կազմակերպելուց հետո ծպտվել էին «խորհրդային բարեկամության» քողի տակ ու շարունակում էին ոչնչացնել այն ամենը, ինչ հայկական է, ինչ մերն է: Խորհրդային երկրի ոչ մի անկյունից Սիբիր տանող ուղին այնքան բանուկ չէր, որքան Արցախից սկիզբ առնողը... Եվ այստեղ առաջին զոհը Գրիգոր Ներսիսյանն էր: Նույն կամ գրեթե նույն բախտին էին արժանանում բոլոր այն նվիրյալները, ովքեր կանգնում էին գրական կազմակերպության գլուխ: Իհարկե, եղան նաև իրենց ազգային շահերն ուրացող մեկ-երկու ծախու գրչակներ, ինչպես օրինակ, Վազգեն Օվյանը: Բայց նմանները իրենց սև գործով, որքան էլ համագործակցեցին ազերաթուրքական գաղափարախոսների հետ, որակ կազմել չէին կարող: Հիմնականում ԳՄ անդամ էին դառնում ազգային ոգու և մտքի հավատավոր մարդիկ՝ աստվածատուր նշանն իրենց ճակատին կրողները:
Աշխարհը փրկելու միակ միջոցը չեղծված գիրն է...
- ՀՀ գրողների միության հետ համագործակցություն. ի՞նչ համատեղ ծրագրեր ունեք ապագայում:
- Արցախի գրողների միությունն առաջին կազմակերպությունն էր, որը դեռևս խորհրդային կարգերի օրոք կարողացանք դարձնել միութենական ենթակայություն: Այդ փուլում մեզ մեծապես օգնեց ԽՍՀՄ գրողների միության քարտուղար, մեր ժողովրդի բարեկամ Միխայիլ Դուդինը, որին ես անձամբ հանդիպել եմ Մոսկվայում և առաջարկել լինել Արցախում: Նա սիրով ընդունեց հրավերը, ժամանեց Ստեփանակերտ, իսկ մնացածն, ինչպես ասում են, եղավ ըստ կարգի:
Այսօր Հայաստանի և Արցախի գրական կազմակերպությունները գտնվում են մեկ միասնական դաշտում, ծրագրերը` սկսած հրատարակչական աշխատանքներից, գրական ամենաբազմաբնույթ միջոցառումներից, ընթերցողների հետ հանդիպումներից մինչև ազգային հիմնավոր խնդիրները, հարուստ են ու բովանդակալից: Հայոց երկրում գրողը, սկսած վաղնջական ժամանակներից, միայն գրող չէ, բառի բուն իմաստով: Եվ սա հայի մեր նկարագիրն է:
Արցախում ապրող և ստեղծագործող գրողի հոգեկան աշխարհը ես փորձել եմ արտահայտել իմ բանաստեղծության մեջ.
Իսկ Մայակովսկին կամ Ուիթմենը որտեղից իմանան,
թե ինչ երանություն է
չճանաչված երկրի քաղաքացի
և, առավել ևս, բանաստեղծ լինելը:
- Արցախում ստեղծվող գրականություն… Այն ու՞նի ճանաչելիության խնդիր:
- Աշխարհին լավագույն երկերով ու անուններով ներկայացած գրականություններն անգամ մշտապես կարիք ունեն ճանաչման, էլ ուր մնաց մեր` հայ գրականությունը: Մենք, այո, գեղարվեստական ոչ քիչ մնայուն կոթողներ ենք ստեղծել, թեև «փոքր ածու ենք», բայց, ցավոք, դեռ աշխարհն արժանվույն ձևով դրանք չի ճանաչում...
Անդրկովկասում առաջինն Արցախն էր, որ երկու տարի առաջ խիզախեց ու մի քանի օրով դարձավ բանաստեղծության համաշխարհային կենտրոն, այսինքն` Ստեփանակերտում անցկացվեց պոեզիայի միջազգային փառատոն: Այդ միջոցառման դերն ու նշանակությունը սպասվածից շատ ավելի մեծ եղավ: Մենք կփորձենք այս տարի ևս նման ձեռնարկման գնալ, մանավանդ, երբ Արցախի պետականությունը դեռևս ճանաչման կարիք ունի մեծ տերությունների կողմից, իսկ այդ գործում գրականության անելիքն անուրանալի է:
Մեր ճանաչված գրողներից մի քանի հոգի անցյալ տարի մասնակցեցին Եվրոպայում կազմակերպված պոեզիայի միջազգային փառատոնին Մակեդոնիայում, Լեհաստանում, ավելի ուշ` նաև Չինաստանում: Սրանք քայլեր են, որ Արցախի ճանաչման գործընթացներում, անշուշտ, զգալի դերակատարություն են ունենում, էլ չեմ խոսում մեր ազգային հոգևոր քարտեզի ընդլայնման մասին:
- Ի՞նչն է այսօր մտահոգում Վարդան Հակոբյան բանաստեղծին և Վարդան Հակոբյան քաղաքացուն:
- Ես ամենից առաջ հայ մարդ եմ: Ինձ հուզում է իմ երկրի, իմ ժողովրդի ապագան: Աններելիորեն հապաղում ենք. մինչև այսօր չունենք ազգային ծրագիր, մեր ընթացքը շատ անգամ տրված է տարերայնությանը: Գաղթը ինքնաոչնչացում է: Խորապես մտահոգված եմ Արցախի վերջնական հաղթանակով ու աշխարհի կողմից նրա ճանաչմամբ, աշխարհի կողմից Եղեռնի ընդունմամբ` պահանջատիրական բոլոր կողմերով, մեր ժողովուրդը մեկ ամբողջական միասնության մեջ տեսնելու, հայության պայծառ վաղվա հրատապ խնդիրների լուծումը գտնելու ազգային հոգսերով: Արևմուտքից եկող թմրամոլական ու համասեռամոլական համաճարակները, մեծ տերությունների կողմից փոքր ժողովուրդների գլխին, ինչպես ասում են, ընկույզ ջարդելու փորձերը, խառնակություններն ու պատերազմները, այդ ամենի համապատկերում` մարդկային, անգամ` մանուկների կորուստները, ինձ անդառնալիորեն ցավ են պատճառում:
- Ինչպիսի՞ն է գրականության դերը մեր կյանքում: Արդյոք ունե՞նք գրքի, գրականության արժևորման կարիք:
- Մենք ունենք դեռևս չձևավորված հասարակություն, որտեղ մեծ հաշվով գիրքը չի գնահատվում: Հաճախակի միջամտությունները գրքի քարոզչության գործում երբեմն նմանվում են մեռնողին արհեստական շնչառություն տալուն: Ես չեմ պատկերացնում իմ մի օրն անգամ առանց ընթերցանության: Գրքի հետ սերտորեն կապված շատ մարդկանց գիտեմ, բայց դա շատ քիչ է: Ես արդեն մի անգամ ասել եմ, որ բանաստեղծությամբ է երկիրը դառնում հայրենիք: Երբ գրքի քարոզչության կարիք է զգացվում, նշանակում է աշխարհում անասելի մեծ կորուստներ կան, անդառնալի կորուստներ, բայց լավ է ուշ, քան` երբեք:
Հայ մարդը և գիրքը, կարծում եմ, մեկ միասնական երևույթ են, և միայն ինքնասիրությունից զուրկ մարդը կարող է գիրք չսիրել:
- Գրող-հասարակություն կապը. Ինչպիսի՞ն է այն:
-Քաղաքակրթություն ստեղծողները գրողներն են: Ասում են, երբ Նապոլեոնը գրավել է Գյոթեի հայրենիքը, շտապել է մեծ պոետի մոտ, անգամ նրան խնդրել է, որ իր մասին բանաստեղծություն գրի... Գրողը հասարակության ուղղաչափն է, ողնաշարը, որը երբեք չպետք է ծռվի: Ահա այս ամենի հիմքի վրա էլ բարձրանում է գրող-հասարակություն կապը: Գիրքը կամ մարդն այս պարագայում նույն թոքերով են շնչում և չեն սիրում բերման ենթարկվելու վիճակները: Կապի մեջ պիտի ներքին կապ լինի և աստվածային հաղորդակցություն, այլապես ստացվում է ղարաբաղյան զվարճախոս Պըլը-Պուղու նկարագրած վիճակը. «Ես մոթալին պեց ըմ թողնըմ, է, մոթալը չի ինձ պեց թողնըմ»:
- Կարո՞ղ ենք ասել, որ այսօր մտավորականի խոսքը արժեզրկվել է: Հասարակական, քաղաքական գործընթացներում կշիռ ու՞նի մտավորականի խոսքը:
-Մտավորական հասկացությունն այսօր խարխլվել է, մինչդեռ այն միշտ շատ ավելի մեծ «տարողունակություն» է ունեցել, մանավանդ` մեր ժողովրդի համար: Ազգային արժեք են համարվում ոչ միայն գրողի գրած լավ գործը, այլև նրա մեջ եղած բարձր հատկանիշները, նրա դիրքն ու կերտվածքը, որով Թումանյանը Թումանյան էր: Ու` է:
Քաղաքականությունը և գրականությունը խիստ տարբեր բաներ են: Եթե Աստված շնորհ է տալիս մեկին, նա գրիչ է վերցնում ու գրում: Այլ է դրությունը քաղաքական գործչի պարագայում: այստեղ, ցավոք, հաճախ «սատանայի մատն է խառը լինում» և քիչ չի պատահում, որ «դզող-փչողները», գիր ու դպրությունից մերժվածները դառնում են քաղաքական «գործիչներ»: Նման իրավիճակում մտավորականի խոսքը մնում է խաղից դուրս: Մինչդեռ իր հերթին պետությունն ինքը պիտի կարևորի մտավորականի խոսքը, ճանաչի նրա արժեքը արժեքային համակարգի հարափոփոխ մեր ժամանակներում:
- Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ ամեն ծնունդ իր առաքելությունն ունի և որ ապագայում ցանկություն ունեք գրել այն գործը, որ հազարամյակներ շարունակ դեռ չի ստեղծվել: Ե՞րբ կարող ենք այն կարդալ:
- Ճիշտ եմ ասել: Ես այդ գործն արդեն մտմտում եմ: Տա Աստված, որ այն ստեղծվի: Աշխարհը միանգամայն փոխվելու է: Գոնե ես այդպես եմ մտածում:
Հարցազրույցը վարեց` Սիրանուշ Նազլուխանյանը